ԱԼԻՍԱ ՄԱԹԻԱՍ

Երաժշտագետ, Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի էթնոերաժշտագիտության բաժնի ասպիրանտ: Հայ երաժշտության վերաբերյալ հետազոտություն է անցկացրել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում և Հայաստանում: Ա. Մաթիասը երգչուհի է և ջութակահարուհի, կատարում է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երաժշտության բազմազան նմուշներ: Գիտական այլ հետաքրքրությունները ներառում են` վաղ երաժշտական համայնքներում երաժշտությունը և աշխատանքը, երաժշտությունը սպորտում և հնչյունի արվեստը։

ԿՈՄԻՏԱՍ, ՊԵՐՈՏԻՆ ԵՎ ՀԻԼԴԵԳԱՐԴ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆՍԱՄԲԼՆԵՐՈՒՄ

Կոմիտասի վերաբերյալ ուսումնասիրությունները փաստում են նրա փորձառությունն ինչպես ժողովրդական, այնպես էլ հոգևոր երաժշտության ոլորտներում: Ավելի քիչ է ուսումնասիրվել Կոմիտասի հետազոտական գործունեության համեմատությունը այն շարժումների հետ, որոնք փորձում են ամբողջ աշխարհի մասշտաբներով տարբեր համատեքստերում փոխկապակցվածություններ դուրս բերել ժողովրդական արվեստի և վաղ ժամանակաշրջանի երաժշտության միջև: Ինչպես քննարկվել է երաժշտագետ Եղիսաբեթ Ափթոնի աշխատություններում (2012 թ.), XX դարի կեսերին Արևմտան Եվրոպայում ժողովրդական երաժշտության և վաղ ժամանակաշրջանի երաժշտության վերհանումը սերտորեն միահյուսված էին և ակտիվ քննարկումներ էին առաջացնում կատարողական ոճի և գործիքավորման հարցերի շուրջ: Քննարկումների կենտրոնում իսկության և ինքնության հարցերն էին, քանի որ ինչպես ժողովրդական, այնպես էլ հնագույն երաժշտությանը վերագրվում էր մաքրություն, որն, ըստ երևույթին, կորսվել էր դասական երաժշտության ավանդույթներում: Այս աշխատության շրջանակներում քննարկվում են վերածնության «ժառանգները»՝ ներկայում գործող հնագույն երաժշտության անսամբլները Միացյալ Նահանգներում և Արևմտյան Եվրոպայում: Մասնավորապես, ուսումնասիրվում է հայկական ժողովրդական երաժշտության ծրագրավորման փորձն արևմտաեվրոպական հնագույն երաժշտության հետ: Ինչո՞ւ են հնագույն երաժշտության կատարողները ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում հետաքրքրված հայկական ժողովրդական երաժշտությամբ: Ինչպիսի՞ փոխկապակցածություն է առկա, եթե այդպիսին կա, նրանց և տեղի հայկական համայնքների միջև: Ինչպիսի՞ ոճական ազդեցություններ են փոխանցում այդ կատարումները: Ովքե՞ր են նրանց ունկնդիրները, և այս համատեքստում ինչպե՞ս է ունկնդիրն ընկալում հայկական մշակույթը հայկական ժողովրդական երաժշտության հետ առնչվելու արդյունքում:
Հիմնվելով Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի երաժիշտների հետ հարցազրույցների վրա՝ զեկուցումը հանգում է եզրակացության, որ ներկայի հնագույն երաժշտության կատարողները վերաիմաստավորում են ժողովրդական և միջնադարյան երաժշտության միջև կապերն այնպես, որ արտացոլվում են XXI դարի առանձնահատուկ մտահոգությունները՝ կապված նեոլիբերալ կապիտալիզմի, գլոբալիզացիայի և կրոնական արմատականության հետ: Արևմտյան Եվրոպայի սահմաններից դուրս երկացանկի միավորումն այս գործելակերպի անբաժանելի մասն է: Միավորելով պատմագրության, միջմշակութային հարաբերությունների և էկզոտիկ էության էթնոերաժշտագիտական տեսությունները՝ զեկուցումը հանգում է որոշ եզրակացությունների՝ կապված հայ երաժշտության կատարման և հետազոտման հետ: