astghik-musheghyan

ԱՍՏՂԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Երաժշտագետ–միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող: Հրատարակել է «Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» ուսումնասիրությունը («Արմաշի դպրեվանքը» գրքում, Երևան, 1998, մաս Բ)։ Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: 2005 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Ա. Մուշեղյանը պաշտպանել է «Համբարձում Չերչյանը և Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Իր գիտական հոդվածներում անդրադառնում է հայ հոգևոր երգարվեստի պատմությանն ու տեսությանն առնչվող տարբեր հիմնախնդիրներին:

ՀԱՅՈՑ ՊԱՏԱՐԱԳԻ ՏԱՂԵՐՆ ՈՒ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ

Հայ հոգևոր տաղերգության հսկայածավալ ժառանգությունից երաժշտական բաղադրիչով սակավաթիվ օրինակներ են հասել մինչև մեր օրերը: Դրանց մի մասը պահպանվել է Ն. Թաշճյանի ձայնագրությամբ և տեղ գտել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից վավերացված «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» հատորում: Մինչ այժմ հայ երաժշտագիտության մեջ սոսկ հատուկենտ նմուշներ են արժանացել քննության. հարկ է, սակայն, իրականացնել դրանց ամբողջական ուսումնասիրությունը, ինչը մի նոր լույս կսփռի հայ հոգևոր երգարվեստի պատմության ու տեսության մի շարք հիմնախնդիրների վրա: Մեր աշխատանքում ներկայացվում է նշյալ ժողովածուում ընդգրկված տաղերի և մեղեդիների ընդհանուր համապատկերը, դիտարկվում են Գանձարան-Տաղարանների հետ դրանց ունեցած անմիջական աղերսները, ըստ կարելվույն ճշգրտվում են տաղային միավորների ստեղծման ժամանակաշրջանն ու վայրը, ինչպես նաև հեղինակային պատկանելությունը: Քննվում են նաև երաժշտական բաղադրիչներին բնորոշ առանձնահատկությունները, ձայնեղանակային համակարգին, մեղեդիական փոխառնչություններին վերաբերող և այլ հարցեր: