gagik-ginosyan

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի ասպետ: 2001 թ. ստեղծել և ղեկավարում է «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերը: 2005 թ.-ից «Կարին»-ի ջանքերով իրականացնում է «Մեր պարերը և մենք» պարուսուցման ամենամսյա դասընթացը: 2008 թ. «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման շրջանակներում հեղինակել է հայ իրականության մեջ առաջին՝ «Հայկական պար» DVD – պարուսույցը: 2014 թ.-ից ի վեր աշխատում է հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան ներդնելու ուղղությամբ: 2015 թ. «Այբ» հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա», որի ներքո իր առաջին քայլերն է անում նաև Պարագիտական նորաստեղծ կենտրոնը: Գ. Գինոսյանն զբաղվում է ազգային պարերի գրառմամբ և դրանց գիտական ու տեսական ուսումնասիրությամբ:

ԿՈՄԻՏԱՍԻ ՊԱՐԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Սույն զեկուցումը վերլուծություն է Ամենայն Հայոց Վարդապետի՝ Կոմիտասի հայ երաժշտական ժառանգության ոչ այնքան հայտնի հատվածի մասին:
Առաջին անգամ Կոմիտասի պարային ժառանգությունն ինձ հետաքրքրեց «Հայ գեղջուկ պարը» և «Պարն ու մանուկը» աշխատությունները լրջորեն ուսումնասիրելուց հետո, երբ հասկացա, թե նա հայ ազգային պարի ինչ լուրջ գիտակ է եղել: Հետաքրքրությունս բազմապատկվեց, երբ տեղեկացա, որ այս աշխատություններից և բազում պարեղանակներից և պարերգերից բացի, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում ձեռագիր պահվում է Կոմիտասի կողմից գրառված ութ պար, որոնք հետագայում (2005 թ.) տպագրվեցին «Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից՝ «Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրություններ և Հոդվածներ» երկհատորյակում: Համոզմունք դարձավ, որ գրառված պարերը պետք է վերականգնել և բարձրացնել բեմ, ներկայացնելով լայն հանրությանը, փոխանցելու համար նաև այն համոզմունքը, որ Կոմիտասը չէր կարողանա այդքան ճշգրիտ և հանճարեղորեն զբաղվել երաժշտական գանձերի գրառմամբ, վերլուծմամբ և առավել ևս մշակամբ, եթե երաժշտական գաղտնիքներին զուգահեռ լավագույնս չտիրապետեր նաև ազգային պարի գաղտնիքներին և նրբություններին: Խնդիրը բարդանում էր նաև նրանով, որ Կոմիտասի կողմից գրառված և բառերով նկարագրված պարերի հետ չի մատնանշվում, թե իր իսկ կողմից գրառված որ պարեղանակն է հանդիսանում տվյալ պարի մեղեդին: Նյութին պարբերաբար վերադառնալը ավելի էր մոտեցնում այդ պարաքայլերի մեկնաբանմանը, և ժամանակի ընթացքում բերեց այն համոզմունքին, որ անպայման պետք է դիմել երաժշտագետների, հատկապես կոմիտասյան ժառանգության գիտակ երաժշտագետների օգնությանը: Կատարված աշխատանքին լիարժեքորեն կատարելուն նպաստեց մոտ երկու տասնամյակ տարեց մարդկանցից իմ կողմից գրառված պարերի, և այլ պարագետների կողմից գրառված պարերի վերականգնելու փորձառությունը, հայտնի պարագետ Սրբուհի Լիսիցյանի պարերի գրառման համակարգին՝ Կինետոգրաֆիային տիրապետելու, ինչպես նաև «Ինսթիգեյթ» կազմակերպության հետ համատեղ «Կաքավագիր» համակարգչային ծրագրին վերածելու հմտությունն ու փորձառությունը:
Ութ պարերից երկուսը, որոնք առաջին նմուշները եղան, որ կարողացանք վերականգնել, մի փոքր ավելի դյուրին հաջողվեց, մի դեպքում քանի որ այն նկարագրությունը, որ կար պարի գրառման մեջ, գրեթե նույնությամբ, ավելի հակիրճ գրառված էր նաև Կոմիտասի Երկերի ժողովածուի տասներորդ հատորի հարսանեկան նվագներ բաժնում («Ճամփի պար» մեղեդու և «Պարերի նկարագիր»-ի Պարերգ №1-ում), իսկ երկրորդ նմուշը նույն տեղերում հրապարակված «Շորոր» նվագի և Պարերգ №6-ում: Հուսանք՝ մոտ ապագայում լավագույն երաժշտագետների աջակցությամբ հնարավոր կլինի վերականգնել նաև Կոմիտասյան ժառանգության՝ ստվերում մնացած մյուս պարանմուշները նույնպես: