02-12

Գրիգոր Առաքելյան-հայկական վիոլա

Դեկտեմբերի 2, 2017

«Հայկական վիոլա» միջազգային նախագիծը սկիզբ է առել 2017 թվականի մարտին՝ ARTCONCEPT-ի OPUS(3) միջազգային երաժշտական փառատոնի երևանյան սեզոնի շրջանակում, «Հայ-գերմանական շարք» խորագրի ներքո: Նախագծի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի համերգասրահում, այնուհետև, ներկայացվել Բեռլինի ATELIER SOLDINA ցուցասրահում:

Հայկական վիոլան միջնադարյան հայկական ջութի և բարոկ շրջանի եվրոպական լարային գործիքների սինթեզի հիման վրա ստեղծված յուրօրինակ երաժշտական գործիք է՝ ստեղծված անվանի վիոլահար, կոմպոզիտոր և դիրիժոր Գրիգոր Առաքելյանի մտահղացմամբ, ով հայկական վիոլային տիրապետող միակ երաժիշտն է աշխարհում:

«Հայ-գերմանական շարք» խորագրի ներքո իրականացվող համագործակցության արդյունքում մի շարք հայ և գերմանացի կոմպոզիտորներ ծանոթացան հայկական վիոլայի կատարողական առանձնահատկություններին և հարուստ հնչողական արտահայտչամիջոցներին: ARTCONCEPT-ի պատվերով՝ հատուկ «Հայկական վիոլա» միջազգային նախագծի համար, ծրագրում ընդգրկված կոմպոզիտորները 2017թ. համերգաշրջանի ընթացքում գրեցին ստեղծագործություններ, որոնք Գրիգոր Առաքելյանի դասական և ավանդական երաժշտության սեփական մշակումների հետ մեկտեղ ներկայացվում են նախագծի շրջանակներում: