%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a3%d5%b9%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4%d5%a2

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան

Կազմավորվել է 1996 թ. (մինչև 2009 թ. պետական կարգավիճակ ստանալն անվանվել է Երևանի Կամերային երգչախումբ): Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն է: Ելույթներ է ունեցել հայաստանյան և արտասահմանյան բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոններին, որոնց շարքում են Ռավեննայի «Երգի միջազգային փառատոնը» (1997), Բերգենի միջազ­գա­յին երաժշտական փառատոնը (1999), Հալլեի “Hallische Musiktage” (2005), Էտամպի ‟Festival d’Ile de France” (2006), Մոսկովյան Զատկական (2015) փառատոնները և այլն: 2003 թ. «Սանկտպե­տերբուրգյան դղյակներ» փառատոնին կոլեկտիվն արժանա­ցել է քաղաքի նոր հիմնը կատարելու պատվին, իսկ Լորետոյի “Virgo Lauretana” փառատոնի 50-ամյա հոբելյանին ԵՊԿԵ ներկայացրել է Կոմիտասի ժառանգությունը ուղիղ հեռարձակմամբ աշխահի ավելի քան 50 երկրներում։ 2016 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնու­թյամբ իրականացվող «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին» երգչախում­բը հանդես է եկել հայ կոմպոզիտորների մի շարք գործերի առաջին կատարում­ներով:
Հայաստանյան համերգներից բացի երգչախումբը հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրներում: 1998 թ. Գերմանիայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում երգչախումբը մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի «Պատարագի»՝ քառաձայն խառը կազմի համար նախատեսված տարբերակը, ինչպես նաև Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությունները (վերջիններս կատարվել են նաև Սիրիայում և Լիբանանում): Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության հրավերով հայկական երաժշտությունը երգչախմբի կատարմամբ հնչել է Հալեպում, Լաթակիայում և Դամասկոսում (2007)։ 2008 թ. կոլեկտիվը մասնակցել է Երևան-Մոսկվա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստամարա­թոնին։
2009 թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ ներկայացնելով կոմպոզիտորի խմբերգային երկերի զգալի մասը։
Երգչախումբը համատեղ համերգներ է ունեցել հայտնի երաժիշտների և կատարողական կոլեկտիվների հետ, որոնց թվում են՝ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը և սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, Միլանի Լա Սկալա օպերայի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, Գերմանիայի “Frankfurter Kantorei” երգչախումբը՝ Վինֆրիդ Թոլլի ղեկավարությամբ:
2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին առընթեր «Լույս ի լուսո» նախագծի շրջանակում ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի հետ երգչախումբը ձայնագրել է համատեղ ալբոմ, որը ներառում է հայ հոգևոր երգերի՝ Տ. Համասյանի մշակումները դաշնամուրի և երգչախմբի համար (2014, ECM Records)։ Նույն ծրագրով երգչախումբը Տ. Համասյանի հետ համերգային շրջագայություններ է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, Թուրքիայում և Վրաստանում:
Այս կոլեկտիվի կատարմամբ են Հայաստանում առաջին անգամ հնչել Կոմիտասի «Բեռլինյան Պատարագը» (2012), Կարա Մուրզայի բազմաձայն «Պատարագը» (2013) և Վիեննայի Մխիթարյան վանքի Պատարագը՝ Ա. Այտնյանի և Յ. Բյոմի մշակմամբ (2014)։
2017 թ. Երևանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ռուսական երեք հայտնի երգչախմբերի հետ համատեղ երգչախումբը մասնակցել է ռուս-հայկական առաջին երգչախմբային կոնգրեսի բացման արարողությանը: Նույն տարվա ընթացքում կոլեկտիվն աշխատել է Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների ալբոմի ձայնագրման վրա։ “Willy Weiner and Friends” ծրագրի պրեմիերան կայացել է 2018 թ. փետրվարին։
Երգչախումբը թողարկել է 15 ձայնասկավառակ, որոնցից “Music of Komitas Vardapet” ալբոմը 2000 թ. Գլենդելում (ԱՄՆ) Երաժշտական ձեռքբերումների 3-րդ մրցույթում արժանացել է մրցանակի՝ «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում։