ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր: 1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1978 թ. աշխատանքի է անցել համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում: 1978-ից սկսած՝ գիտական աշխատանքին զուգընթաց հայկական և Հին աշխարհի արվեստներ ու այլ առարկաներ է դասավանդել Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: 1996-ից առ այսօր ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնը: Դասավանդել է նաև Լոս Անջելեսի (2005) և Ֆրեզնոյի (2009) համալսարաններում (ԱՄՆ), Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական (Հունգարիա, 2012), ինչպես նաև Հալլեի Մարտին Լութերի համալսարաններում (Գերմանիա, 2018): 2015 թ. ընտրվել է Իտալիայի Միլանի Ամբրոսիան ակադեմիայի անդամ, 2016-ին՝ Ֆրանսիայում Մոնպելիեի Ակադեմիայի թղթակից անդամ:
Լ.Չուգասզյանը հեղինակել է շուրջ չորս հարյուր հոդվածներ՝ հայ մանրանկարչության, արծաթագործության, փայտարվեստի, քանդակագործության, XVIII-XX դդ. հայ գեղանկարիչների, նաև հայ-լեհական, հայ-իտալական, հայ-ֆրանսիական, հայ-ռումինական գեղարվեստական կապերի մասին, որոնք լույս են տեսել հայաստանյան և եվրոպական ժողովածուներում ու պարբերականներում: Հեղինակ է «Գրիգոր Ծաղկող» (Երևան, 1986), «Արշակ Ֆեթվաճյան» (Երևան, 2011) և «Հայ միջնադարյան կերպարվեստի ուսումնասիրության պատմություն (1830-ական թթ. – 1950 թ.)» (Երևան, 2016) գրքերի:

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ

Հայ մեծ երգահան, երաժշտագետ, բանահավաք և հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը, շատ հարգված և սիրված լինելով արևմտահայ և արևելահայ մտավորականության միջավայրում, բազմաթիվ թելերով կապված է եղել իր ժամանակի շատ մշակութային գործիչների, այդ թվում նաև նկարիչների հետ: Վերջիններս քանիցս ստեղծել են նրա դիմանկարները: Անհրաժեշտ է նշել, որ հայ մշակույթի մեծ երախտավորը անձնական բարեկամություն է ունեցել նշանավոր նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ: Կոմիտասին բազմիցս պատկերել են նաև նրա մահից հետո ոչ միայն նկարիչները: Նրա քանդակներն ու արձանները կերտել են նաև հայ քանդակագործները: Կոմիտասի գեղանկարչական հակումների մասին են վկայում նրա ձեռքով ստեղծված և մեզ հասած որոշ գծանկարները: