yernjakyan-lilit

ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակ է 5 գրքերի և գիտական շուրջ 70 հոդվածների՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում Արևելքի ավանդական, դասական երաժշտության, հայ հոգևոր և աշուղական երաժշտարվեստի, հայ-իրանական, հայ-թուրքական երաժշտական փոխառնչությունների, ժամանակակից կոմպոզիտորական արվեստին առնչվող հարցերն են:

«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԳՈՒՍԱՆԱ-ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ»

Զեկուցման մեջ քննարկվում են ազգային երաժշտական ինքնության կոմիտասյան հարացույցում չընդգրկված իրողությունների, մասնավորապես` աշուղական երգարվեստի գեղարվեստական հիմքերը՝ Կոմիտասի սկզբունքային դատողություններից սկզբնավորված «հայկական» և «արևելյան»՝ միմյանց հակադրվող հասկացությունների լույսի ներքո: Ժամանակի պատմաքաղաքական հանգամանքներով թելադրված ազգային երաժշտական խնդիրների և վտանգված ինքնության սրված համատեքստում միանգամայն հասկանալի են մշակութային սխրանք նշանավորող Կոմիտաս Վարդապետի գործը և գիտահետազոտական կողմնորոշումները զուտ հայկական նկարագրով օժտված եկեղեցական և ժողովրդական երաժշտության նկատմամբ:
Արևելյան ազգերի՝ պարսիկների, թուրքերի, քրդերի երաժշտական ֆոլկլորի համեմատական ուսումնասիրությամբ՝ միտված հայկականի սահմանազատմանը օտար արևելյանից, ինչպես նաև մշակութային փոխազդեցությունների գործոնի կարևորումով, Կոմիտասն իր ժամանակի էթնոերաժշտագիտության առաջատար հիմնադիրների շարքում է: Սակայն նրա դրույթներում տեղ գտած որոշ մտքերից ու «բևեռացված» տեսակետներից բխող տարընթերցումները (առանձնապես սփյուռքահայ հեղինակների հրապարակումներում) առիթ են տալիս վերանայելու և համալրելու երաժշտական ինքնության հարացույցի բաղադրիչները:
Աշուղական արվեստն իր ազգային ժողովրդական և ընդհանուր արևելյան ակունքներով, «Սայաթ-Նովա» մշակութային խորհրդանիշով ամբողջացնում է հայ երաժշտարվեստի բազմաշերտ դիմագիծը, իմաստավորում նրա երկփեղկ խորհուրդը Արևելք-Արևմուտք խաչուղիներում: Արևելյան թեքում ունեցող ժանրերի՝ որպես ազգային մշակութային ժառանգության պատմական բաղադրիչի դիտարկումն ընդլայնում է «հայկականության» սահմանները և ուղիներ հարթում Մերձավոր Արևելքի «բազմաձայն» հնչյունային տարածքում հայ երաժշտության միջազգային ճանաչման համար: