ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) և Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակ է հայերեն, ռուսերեն և անգլերեն շուրջ 80 գիտական հոդվածների և 5 գրքերի, այդ թվում՝ «Հայ-իրանական կապերի պատմությունից» (Երևան, 1991), «Հիմն արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում» (համահեղինակ՝ Հ. Պիկիչյան, Երևան, 1998), «Աշուղական սիրավեպը Մերձավորարևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում» (Երևան, 2009), «Ալան Հովհաննեսի երաժշտությունը Արևելք-Արևմուտք մշակութային խաչուղիներում» (Երևան, 2015): Զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում Մերձավոր և Միջին Արևելքի ավանդական, դասական երաժշտության, հայ հոգևոր և աշուղական երաժշտարվեստի, հայ-իրանական, հայ-թուրքական երաժշտական փոխառնչությունների, ժամանակակից կոմպոզիտորական արվեստին առնչվող հարցերն են:
ԲԱԶՄԱԼԵԶՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԱՇՈՒՂԱԿԱՆ
ԱՎԱՆԴՈՒՅԹՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Երաժշտության և ինքնության փոխհարաբերության ընդհանուր դրույթներից արտածված հարցերի՝ յուրայինի և օտարի, տեղայինի և միջազգայինի քննությունը արդի էթնոերաժշտագիտության առանցքային ոլորտներից է: Նման մշակութաբանական դիսկուրսն արձագանք է գտել Հայաստանում և Սփյուռքում՝ նոր հետազոտական կռվաններ տրամադրելով Մերձավոր Արևելքի ավանդույթների համատեքստում հայ աշուղների բազմալեզու ժառանգության ուսումնասիրության համար:
Զեկուցման մեջ քննարկվում են երաժշտական ինքնության և հայկականության կոմիտասյան ըմբռնումները հայկականի և արևելյանի հակամիասնական լույսի ներքո: Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամ Կոմիտաս Վարդապետն իր ժամանակի էթնոերաժշտագիտության առաջատարների շարքում է: Հայկական ազգային ինքնության հարացույցի նրա տեսլականը՝ հիմնված ֆոլկլորի և եկեղեցական երաժշտության վրա, համահունչ XIX-XX դարերում տիրապետող ազգային գաղափարախոսության տեսություններին, անհամատեղելի էր տարբեր արևելյան լեզուներով ստեղծագործող հայ աշուղների գործունեության հետ: Այսուհանդերձ, Կոմիտասի Վարդապետի համեմատական երաժշտագիտական աշխատանքներն ու որոշ անավարտ երկերի համար ընտրած նյութերը հատում են ազգային գեղագիտական արժեքների ու կողմնորոշումների նրա տեսական ձևակերպումների սահմանները:
Պատմաքաղաքական հանգամանքներով պայմանավորված հայ աշուղական դպրոցների կազմավորումը Մերձավոր Արևելքի և Կովկասի տարբեր մշակութային կենտրոններում նպաստելով եռալեզու, քառալեզու ստեղծագործությանն ու միջլեզվական կիրառություններին՝ մեծապես խթանել է նաև հայ աշուղների երգերի հանրահռչակումն ու տարածումը: Առավել հետաքրքիր է, որ երևույթը նպաստել է նաև հայ աշուղական ինքնության պահպանմանը՝ զատորոշելով նրանց երաժշտաբանաստեղծական արվեստն ու առաքելությունը ընդհանուր արևելյան խառնարանում: Բազմալեզվության և ինքնության հարցերի քննությունը Կոմիտասի փաստարկների նկատառումով առաջադրում է երաժշտական իրողությունների վերամեկնաբանումը միջգիտակարգային մոտեցումների շրջանակում: