ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի երաժշտական խմբագիր: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, ունի մագիստրոսի աստիճան: 2013 թ.-ից սովորում է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ արվ. թեկնածու, պրոֆ. Մ. Նավոյան)` ուսումնասիրելով «Ութձայն համակարգը հայ շարականերգության Մխիթարյան ավանդույթում» թեման: Լ. Հարությունյանի գիտական գործունեությունը նվիրված է հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության ուսումնասիրությանը:

ՈՒԹՁԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅ ՇԱՐԱԿԱՆԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿՍՎԱԾՔՆԵՐՈՒՄ

Հայ հոգևոր երաժշտության հիմնաքարային ժանրերից մեկը շարականն է: Յուրաքանչյուր շարականից առաջ կատարվում է մի մեղեդիական հատված, որը կոչվում է սկսվածք: Սկսվածքները ձայնեղանակների հակիրճ տարբերակներն են, որոնք երգվում են Աստվածաշնչից քաղված՝ տվյալ շարականային տիպին հատուկ համապատասխան տեքստով:
Առհասարակ, այս ոլորտը ուսումնասիրության կարոտ բազմաթիվ դրվագներ ունի: Սկսվածքները հիմնականում գործնական կիրառություն են ունեցել պաշտոներգության մեջ և անգամ չեն գրառվել, իրենց պարզության պատճառով: Սկսվածքների առաջին գրանցված օրինակներ հանդիպում ենք ուշ շրջանի խազագիր ձեռագրերում (XVI-XVII դարեր): Սկսվածքների կարևորագույն գրանցումներն են Կոստանդնուպոլսում՝ Եղիա Տնտեսյանի (հակիրճ) և Էջմիածնում՝ Նիկողայոս Թաշչյանի (ընդլայն, բաժանված ըստ տիպերի և տեմպերի) շնորհիվ պահպանված նմուշները: Բացի նշված երկուսից, հայկական շարականերգությունը զարգացել է ևս երեք հայկական գաղթօջախներում՝ Երուսաղեմում, Նոր Ջուղայում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում:
Մեր զեկուցման ուշադրության կենտրոնում հայ շարականերգության Վենետիկի Մխիթարյան ավանդույթի Ութձայն համակարգն է: Փորձ է կատարվել պարզելու, թե ինչպիսի դրսևորումներ ունի վերջինս հենց շարականների սկսվածքներում, որոնց հիմնական նպատակը, փաստորեն, ձայնեղանակը ցուցադրելն է:
Մեր ուսումնասիրության աղբյուր է հանդիսացել 1957 թ․ արտագրված ձեռագիր տետրակը, որտեղ զետեղված են Մխիթարյան ավանդույթի սկսվածքները՝ դասակարգված ըստ շարականային տիպերի և Ութձայն համակարգի ձայնեղանակների: