lusine-sahakyan

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնի ասպիրատուրան: Գիտական թեզը պաշտպանել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Լ. Սահակյանը հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության և մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայ և արտասահմանյան պարբերականներում: Իր կատարած ուսումնասիրությունները ներկայացրել է նաև ելույթ-դասախոսությունների և զեկուցումների տեսքով: Գիտական ուսումնասիրության ոլորտն ընդգրկում է կոմիտասագիտությունը, հայ երաժշտությունը, ինչպես նաև հայ և համաշխարհային երաժշտության փոխառնչության մի շարք հարցեր:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Զեկուցումը նվիրված է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ռուսական մշակույթի հետ ունեցած առնչություններին: Ներկայացվում են հայ-ռուսական դարավոր պատմամշակութային կապերը, ռուսական երաժշտական արվեստի նշանակությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևելահայ կոմպոզիտորների գործունեության համար: Առաջին անգամ, ժամանակաշրջանի պատմաքաղաքական համատեքստում, հնարավոր ամբողջությամբ, քննվում են Կոմիտաս Վարդապետի գիտական կենսագրության ռուսական մշակույթի հետ առնչվող փաստերը, նրա արվեստին տրված ռուս ականավոր երաժշտագետների մասնագիտական գնահատականներն ու կարծիքները:
Վարդապետն Էջմիածնում, Անդրկովկասում և Եվրոպայում ծավալել է ստեղծագործական և երաժշտագիտական գործունեություն, որին անդրադարձել են ռուսական մշակույթի հեղինակավոր ներկայացուցիչներ Թ. Հարտմանը, Ն. Չերեպնինը, Մ. Գնեսինը, Դ. Մագգիդը, Վ. Կորգանովը, Վ. Մինորսկին, Ա. Տարկովսկին: Անդրկովկասի ռուսալեզու մամուլը բարձր է գնահատել Կոմիտասի երաժշտա-լուսավորչական առաքելությունը, հրապարակումներին արձագանքել է պետերբուրգյան մամուլը: Վարդապետի համերգ-դասախոսությունները Թիֆլիսում, Բաքվում ընթացել են աննախադեպ հաջողություններով: Այս փաստերի համակողմանի ու նորովի դիտարկմամբ, ամբողջանում է Կոմիտաս Վարդապետի կատարած գործի դերն ու նշանակությունը ազգային մշակույթի համար: