07-capella

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Հիմնադրվել է 1937թ.:
1961թ.-ից երգչախմբի անփոփոխ գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը: Երգչախումբը պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ հասել է կատարողական բարձրագույն մակարդակի և արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների: Երգչախմբի համերգային երգացանկը հարուստ է և բազմազան:
Երգչախումբն ամբողջ աշխարհում հայտնի է Կոմիտասի և այլ հայ դասական կոմպոզիտորների հիմնական ստեղծագործությունների աննախընթաց և չգերազանցված կատարումներով:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը միշտ նեկայացրել է իր ծրագրերը բնագրով (27 լեզու): Երգացանկը ներառում է Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Բեթհովենի, Չայկովսկու, Բորոդինի, Ռոսինիի, Վագների, Շուբերտի, Բելինիի, Բեռլիոզի, Գունոյի, Ֆորեի, Սմետանայի, Մենդելսոնի, Գերշվինի և ուրիշների մեծ և փոքր կտավի ստեղծագործություններ:
Երգչախումբն իր բարձր կատարողականության և ձեռքբերումների համար արժանացել է «Ակադեմիական» կոչմանը: Ամենակարևոր ձեռքբերումներից են ԽՍՀՄ-ի երգչախմբային մրցույթի առաջին մրցանակը և երգչախմբային ձայնագրությունների Շառլ Գրո փարիզյան ակադեմիայի Grand Prix մրցանակը: Աշխարհի բազմաթիվ թերթեր, ինչպիսիք են Figaro, New York Times,The Boston Globe, Le Monde, Independent, Paris Mach, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du liban, Le provencal և ուրիշները, շարունակաբար գովաբանել են երգչախմբի և նրա գեղարվեստական ղեկավարի` պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ձեռքբերումներն ու պրոֆեսիոնալ բարձր արժեքը: Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը թվով 97 համերգ է ունեցել Ս.Պետերբուրգում, մասնավորապես Շոստակովիչի դահլիճում, որից 77-ը հ ա ն ր ա հ ա յ տ Մրավինսկու սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Երգչախումբն առիթ է ունեցել ելույթ ունենալու աշխարհահռչակ դահլիճներում, ինչպիսիք են Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճը, Palais des Congres, La Sale Pleyel, Theatre des Champs-Elysees, Boston Symphonic Hall, Queen Elizabeth Hall, Westminster Methodist Center Hall, The Salle Smetana, Avery Fisher Hall:
Երգչախմբի ձեռքբերումներից է նաև 1999թ. Մոնտրոյի (Շվեյցարիա) միջազգային փառատոնի ունկնդրի համակրանք մրցանակը:
Երգչախմբի համերգներին մասնակցել են Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Վլադիմիր Ատլանտովը, Մարիա Բիեշուն, Պաատա Բուրչուլաձեն, Նիկոլայ Պետրովը, Լյուբով Կազարնովսկայան և այլ հանրահայտ արտիստներ: