ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան

Ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է:
2006 թ. երգչախումբը մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին երգչախմբի՝ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում» և Եկատերինյան պալա­տում տեղի ունեցած համերգներով եզրափակվել է Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին:
Կոլեկտիվը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ֆրանկֆուր­տում, Դրեզդենում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտա­վա­յում, Նիագարայում:
2009 թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղի ունեցած համերգ-դասախոսությունների ընթացքում: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բեռնի կենտրոնական տաճար, Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինա­յում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ): Ելույթներ է ունեցել մի շարք նշանավոր տաճարներում և հեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սեն-Լուի տաճարում և «Գավո» դահլիճում (Փարիզ), «Սպիտակ» դահլիճում և Սմոլնի տաճարում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում (Ստրասբուրգ), Ֆրաուենկիրխե տաճարում (Դրեզդեն) և այլուր:
Կամերային երգչախմբի գլխավոր ձեռքբերումներից է Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանի ստեղծած ‟Ars Poetica” երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը թողարկել է ECM Records ընկերությունը: 2006 թ. Համաշխարհային երաժշտական գեղարվեստական խորհրդի կողմից ձայներիզն արժանացել է «5 աստղ» բարձրագույն վարկանիշի:
Երգչախմբի ընդգրկուն երկացանկում ներառված են տարբեր դարաշրջան­ների հայ և համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և վոկալ-սիմֆոնիկ ստեղծագոր­ծու­թյուններ: Կոլեկտիվը հանդես է եկել հայաստան­յան և համաշխար­հային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտոր­ների երկերը:
Համերգային գործունեությանը զուգահեռ կոլեկտիվն իրագործում է բարեգոր­ծա­­կան ծրագրեր` համերգային ելույթներ ունենալով Երևանի տարբեր ուսումնական հաստատություններում և ՀՀ մարզերում: