harutyunyan-hasmik

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, կենտրոնի գիտքարտուղար: 1987 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2005 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում, Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: 1997 թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, 2005 թ.-ից Կենտրոնի գիտքարտուղարն է: Հեղինակ է «Երաժշտությունը V-XV դդ. հայ պատմագրության համատեքստում» (2010) մենագրության և շուրջ 50 գիտական հոդվածների:

«ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ՀԱՄՔԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) աշուղական համքարությունը առաջացավ ու զարգացավ պատմամշակութային գործընթացների անմիջական ազդեցությամբ և իր հասարակական պահանջվածությամբ իրագործեց կարևոր մի առաքելություն: Դա հայ ազգային մտածողության նոր որակների յուրացումն էր աշուղական դպրոցի բոլոր ոլորտներում՝ գաղափարական, քարոզչական, երաժշտաբանաստեղծական:
Շուրջ 40 անվանի աշուղների պատկառելի ժառանգության մեջ մերձավորարևելյան ավանդույթներով կաղապարված երգատեսակների կողքին, բուռն զարգացում ապրած՝ հիմնականում գրական հայերենով հորինված բանաստեղծությունների եղանակավորումներում ակնհայտ են հայ մոնոդիկ երաժշտությանը բնորոշ ձայնակարգային, տաղաչափական, ոճական առանձնահատկությունները: Հաղորդումը նվիրված է Ալեքսանդրապոլի աշուղական համքարությունում երգաստեղծության մեջ ինքնության այն բնորոշիչներին, որոնք լիովին համահունչ էին հայ ազգային երգի կոմիտասյան հիմնարար սկզբունքներին: