hasmikharutyunyan

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, կենտրոնի գիտքարտուղար: 1987 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2005 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: 1997 թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, 2005 թ.-ից Կենտրոնի գիտքարտուղարն է: Հեղինակ է «Երաժշտությունը V-XV դդ. հայ պատմագրության համատեքստում» մենագրության և շուրջ 50 գիտական հոդվածների:

ԿՈՄԻՏԱՍ. ՈՒՍՈՒՑՈՒՄ ԽՄԲԵՐԳՈՎ

Կոմիտասի ստեղծագործական բազմաոլորտ դաշտում կան կարևորագույն թիրախներ, որոնք ընտրվել են դիպուկորեն և հաղթահարվել են հանճարեղ լուծումների շնորհիվ: Մեր դիտարկման նյութը Կոմիտասի խմբերգերն են՝ ստեղծված հատուկ ուսուցողական նպատակներով Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի, ինչպես նաև Կոստանդնուպոլսում՝ Նիկողոսյան վարժարանի սաների համար:
Շուրջ 100-ի հասնող այս խմբերգերը իրենց արտահայտչական ու գեղարվեստական բարձր արժանիքներով պահանջված են եղել նաև այլ կրթօջախներում (ինչպես օրինակ Ալեքսանդրապոլի, Իգդիրի դպրոցներում): Արժանիքներից մեծագույնը հայ մոնոդիկ երգի բազմաձայն եղանակավորումն ու վերակերպավորումն էր՝ սովորողների տարիքային տարբեր խմբերի կատարողական հնարավորություններին համարժեք, բացառիկ ճշգրիտ մեթոդաբանությամբ: Գեղջկական ու քաղաքային հայտնի ժողովրդական ստեղծագործությունների, աշուղական տարածված երգերի ընտրությունն այդ ստեղծագործությունների գեղարվեստական ու գեղագիտական նորովի ընկալումների արմատավորման նպատակն էին հետապնդում: Ու թեև այդ մշակումները կոմիտասյան վաղ շրջանի ստեղծագործություններն են, այդուհանդերձ սրանցում հստակ երևակվում են նրա կոմպոզիտորական որոնումների ու ապագա նորարարությունների ընձյուղները:
Ուսուցումը Կոմիտասի համար մի արդյունաբեր փորձադաշտ էր, որտեղ ուղենշվեցին հայոց ավանդական մեղեդիական մտածողության փոխակերպման շառավիղները: