hripsime-pikichyan

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԻԿԻՉՅԱՆ

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Թանգարան» գիտամեթոդական ամենամյա հանդեսի գլխավոր խմբագիր, Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի վարչության անդամ: Հեղինակ է ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, այդ թվում` «Հիմն արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում» (համահեղինակ` Լ. Երնջակյան, 1998), «Armenian Folk Arts, Culture and Identity» (Indiana Univ. Press, 2001, համահեղինակներ՝ Լ. Աբրահամյան, Հ. Պետրոսյան, Հ. Մարության և այլք), «Երաժշտությունը հայոց ավանդական առտնին և տոնածիսական կյանքում» (2012): Զ. Թագակչյանի հետ միասին կազմել է Հայ ավանդական երաժշտություն մատենաշարի երկու ժողովածու: Հ. Պիկիչյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ավանդական տոնական-ծիսական կյանքի արդի փոխակերպումները, ինքնության խնդիրները, ավանդական և քաղաքային երաժշտական մշակույթը, թանգարանագիտությունը:

ՀՈՐՈՎԵԼԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒՄԸ.
ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ներկայացվող զեկուցումը նվիրված է մեր ժամանակներում Կոմիտասի հրատարակած հանրահայտ Լոռվա գութաներգի կենցաղավարմանը:
1991 թ. Լոռվա մարզում կազմակերպված գիտարշավի ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի աշխատակիցները փորձում էին ճշտել, թե որքանով է ժողովրդի հիշողության մեջ պահպանվել Կոմիտասի գրանցած Գութաներգի (հոռովել) տարբերակը: Հետաքրքիր էր, թե երկրագործական մշակույթում տեղի ունեցող զարգացումներն ու ժամանակն ինչ խմբագրումներ էին կատարել հոռովելի գործառույթի ու կատարման կերպի մեջ: Գութանավարի արարողակարգը նկարագրելիս՝ տարեց բանասացները ձգտում էին ճշգրիտ ներկայացնել մասնակիցներից յուրաքանչյուրի վարքը, գործունեությունը, հընթացս ասվող խոսքային ու երաժշտական տեքստերն ու մեկնաբանում դրանք: Ալավերդի քաղաքի, Սանահին, Հագվի, Աքորի, Ակներ, Մղարթ գյուղերի բանասացների հիշողությամբ վերականգնված գութանավարի գործընթացի նկարագրություններն ու հոռովելի հատվածային կատարումները հավաստում էին Երաժշտապետի գրանցումներն ու փաստում մշակույթի ժառանգական կապի կենսունակությունը: Նյութի համեմատական քննությունը փաստում է, որ գիտարշավի ընթացքում ձայնագրված գութաներգի 9 և կալի երգի 7 նմուշները ներդաշնակորեն համեմատելի են Կոմիտասի հրատարակած Լոռվա գութաներգի ու կալի երգերի երաժշտամտածողությանը: Իսկ գործընթացի նկարագրությունն ու տեքստաբանական վերլուծությունը մեկ անգամ ևս վկայում են Կոմիտաս-ազգագրագետի դիտողականության, ինչպես նաև նյութը գրանցելու և ներկայացնելու (նոտագրված և երգային տարբերակներ) բացառիկ հմտությունների մասին: