martirosyan-hrach

ՀՐԱՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լեզվաբան-համեմատաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի գիտաշխատող։ 1991-ին ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 2008-ին Լեյդենի համալսարանում պաշտպանել է «Հայերենի բնիկ բառամթերքի ստուգաբանական բառարան» թեմայով ատենախոսությունը, որի վերամշակված ու ընդլայնված տարբերակը հրատարակվել է “Etymological dictionary of the Armenian in-herited lexicon” (Leiden, Boston: Brill, 2010) վերնագրով։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունն իր ողջ ընթացքով՝ հնդեվրոպական ակունքներից մինչև բարբառներ ու արդի լեզու։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ հայոց լեզվի պատմության, բարբառների, ստուգաբանական և այլ թեմաներով։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների։ Դասընթացներ ու դասախոսություններ է ներկայացրել Լեյդենում, Միչիգանում, Օքսֆորդում, Քեմբրիջում, Սորբոնում, Պավիայում, Մոսկվայում, Հայաստանում և այլուր։ Լեզվի պատմության բազում հարցերի շուրջ ակնարկների ու մեկնաբանությունների համացանցային գիտական հրապարակումների հեղինակ է։

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ. ԵՐԵՔ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հայերենի բառապաշարն ընդգրկում է երեք հիմնական շերտ.
1) բնիկ հայերեն, այսինքն՝ հնդեվրոպական ժառանգության բառեր (մ.թ.ա. V-IV հազ.) կամ հայակազմ բառեր;
2) ուշ հնդեվրոպական կամ միջերկրական/եվրոպական ենթաշերտ (մ.թ.ա. III-II հազ.);
3) հարևան՝ կովկասյան, անատոլիական, խուռիական, ուրարտական, սեմական և հատկապես իրանական լեզուներից փոխառյալ բառեր (մ.թ.ա. II-I հազ. մինչև մեր օրերը)։
Առաջին երկու շերտերը վերաբերում են նախապատմական ժամանակներին, իսկ երրորդն առնչվում է վերջին շրջանին և մասամբ ներկայացված է պատմական վավերագրերով։ Սույն զեկուցումը նպատակ ունի ստուգաբանելու հայերեն բառամթերքի տարբեր շերտերին պատկանող երեք երաժշտական գործիքների անունները։

  1. կնտ-նտ-ոց, կնտ-կնտ-ոց, կտնտ-ոց ‘plectrum’ (Փիլոն, Գրիգոր Նյուսացի, Անանիա, Վարդան Արեվելցի ևն), արդի հայերեն կնտնտոց։ Առաջարկում եմ վերակազմել հնդեվր. բնաձայնական արմատ *gud-/*gund‘թակել, խփել, նվագել մի գործիք՝ կնտնտոցով’։
  2. ջնար, ի-ա հոլովում ‘քնար’ (Մովսես Խորենացի, Սեբերիանոս ևն)։ Առաջարկում եմ հայ. ջնար և խաթ. zinarբառերը մեկնաբանել որպես միջերկրածովյան-պոնտական ենթաշերտի մշակութաբառ՝ *ghindhara(>*ghinnara-), հմմտ. հուն.κιθάρα, հոն. -ρη, հոմ. κίθαριςf. ‘քնար’։
  3. սրուիլ, ‘մի երաժշտական գործիք’ (Եփրեմ Ասորի)։

Առաջարկում եմ այս բառը դիտարկել որպես իրանական ‘եղջյուր’ բառի (հմմտ. ավեստ. sruuāf., երկակի հայց. *sruu̯ai ‘եղջյուր, եղունգ’, ըստ որոշ հեղինակների՝ sruuī, աթեմատիկ երկակի; մանիք. միջ. պարսկ. srūy [srwy] ‘եղջյուր’) և -իլ/ղ ածանցի (հմմտ., օրինակ, հայ. տաւիղ ‘տավիղ’) բաղադրություն։