margarit-1

ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը: Զբաղվում է ժողովրդական երաժշտության հավաքչական աշխատանքով, այդ նմուշների գրառմամբ, համակարգմամբ, վերծանությամբ, նոտագրմամբ և վերլուծությամբ: Ուսումնասիրում է մեղեդու և պարի փոխհարաբերության հարցերը հայ ավանդական պարերգերում և պարեղանակներում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի երեք հատորների կազմող:

«ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻՑ ՄԻՆՉ ՄԵՐ ՕՐԵՐԸ»

Հայ ժողովրդական ավանդական երաժշտական նմուշների հավաքման, համակարգման և պահպանման խնդիրները սկսվել են դեռևս XIX դարի կեսերից: Առաջին փորձերը եղել են փոքր-ինչ մակերեսային, միակողմանի, սակայն կարևոր՝ երաժշտական նըմուշների հավաքչության հիմքերը դնելու իմաստով: Հաշվի առնելով նախորդների փորձը` Կոմիտասը շատ լուրջ և համակողմանի մոտեցավ հավաքչական գործին: Կոմիտասից հետո հավաքչական գործը երբևէ չի ընդհատվել, դրանով զբաղվել են բազմաթիվ գիտնականներ` երաժշտագետներ, ազգագրագետներ, պարագետներ, երաժիշտ-կատարողներ, անգամ ոչ մասնագետներ: Տարբեր հաստատություններում ստեղծվել են հավաքված նմուշների պահոց-ձայնադարաններ, գրառված նմուշների մի զգալի մասը համակարգվել և ուսումնասիրվել է, մի մասը հրատարակվել է: Կան նաև տարբեր անհատների կողմից հավաքված անձնական պահոց-ձայնադարաններ, որոնց նմուշների շատ քիչ մասն է ուսումնասիրված: Տարիների ընթացքում եղել են հավաքչական աշխատանքների հետ կապված տարբեր խնդիրներ, մոտեցումներ, հակասություններ: Այսպես՝ եթե տեխնիկայի զարգացմանը համընթաց տարեցտարի ավելացել են գրառման համար հնարավորություններն ու գործիքները, ապա ավանդույթի նահանջի հետևանքով, ցավոք, պակասել են կրող երգասացներն ու նվագածուները:
Սույն աշխատանքում փորձում ենք ուրվագծել Կոմիտասից հետո կատարված ավանդական երաժշտության հավաքչական աշխատանքների զարգացման ուղին: