image-03-08-18-06-30

ՄԱՐԻԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող, Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս:
2016 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» թեմայով ատենախոսությունը: Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին: Ուսումնասիրում է հայոց ավանդական հարսանեկան ծեսը:

«ՀԻՆ ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՀԵՏՔԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԵՏԻՍՆԵՐՈՒՄ»

Հայկական ժողովրդական երգաստեղծության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ծիսական երգերը, որոնց թվում են «Ավետիսները», կամ ինչպես ասում են՝ «Ծննդյան երգերը»: Կոմիտասը նշում է, որ ավետիսների նյութն առնված է Ս. Ավետարանից. հրեշտակների՝ հովիվներին մանուկ Հիսուսի ծնունդն ավետող դրվագը հոգևոր երաժշտությունից է թափանցել ժողովրդականի մեջ: Վարդապետը, ավետիսների նմուշները գրի առնելով, առանձնակի արժեքավորել է գեղջկական երգի անխառն ոճով մեղեդիները:
Ուսումնասիրելով և վերլուծելով «Ծննդյան երգերի» մինչ օրս հրատարակված տարբերակները՝ եկել ենք այն եզրահանգման, որ «Ավետիսները» բաժանվում են երկու խմբի.
ա) քրիստոնեության ժամանակաշրջանում եկեղեցական երաժշտությունից գեղջկականի մեջ թափանցած մեղեդիներ,
բ) նախաքրիստոնեական ժամանակաշրջանից մեզ հասած ծիսական ժողովրդական մեղեդիներ:
Ներկա ուսումնասիրությունը վերաբերում է երկրորդ խմբին: Ծիսական երգերին բնորոշ բանաստեղծական խոսքի և մեղեդու բանաձևային կառուցվածքի արմատները նախաքրիստոնեական անցյալում են՝ հազարամյակների խորքում: Տարբեր ժամանակաշրջանների պատմական իրադարձությունները, առասպելներ դարձած, մեզ են հասել վիպական զրույցների միջոցով՝ «Հայկ և Բել» (մ.թ.ա. II հազ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (մ.թ.ա. IX դ.), «Սանասար և Բաղդասար» (մ.թ.ա. VII դ.), «Արտաշես և Սաթենիկ» (I դ.) և այլն: Այդպիսի մի զրույց շումերական հնագույն էպոսից պահպանվել է մեր ժողովրդական «Ավետիսներում», ինչն էլ սույն հետազոտության հիմնական թիրախն է: