marianna-tigranyan

ՄԱՐԻԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս: 2016թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» թեմայով ատենախոսությունը: Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին: Ուսումնասիրում է հայոց ավանդական հարսանեկան ծեսը:

«ԼՈՐԻԿ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍՆԱԳՈՎՔԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հայկական ժողովրդական երգաստեղծության մեջ եզակի չեն այն օրինակները, որոնք ժամանակի ընթացքում կորցնելով իրենց ֆունկցիոնալ դերն ու նշանակությունը, կամ էլ հակառակը` ձեռք բերելով նորը, մի ժանրից մյուսին են անցել և տեղայնացել: Որքանո՞վ է երգային կամ պարային օրինակը պատկանում այս կամ այն ժանրին. ժանրային դասակարգման հարցում երգային օրինակի ո՞ր կառուցողական (մեղեդային, տաղաչափական) սկզբունքով առաջնորդվել:
Ժանրային «երկակիությունը» բնորոշ է, օրինակ, որոշ քնարական-սիրային երգերին, որոնք կարելի է դասել նաև հարսի գովքերգերի շարքին, և այս դեպքում` մեկ ժանրի ելևէջային տիպական դարձվածքների թափանցումը դեպի մյուսը` ավելի քան բնական է:
Այս առումով հետաքրքրություն են ներկայացնում Կոմիտասի «Լորիկ»-ների ձայնագրությունները, որոնք հայկական գեղջկական երգաստեղծության փայլուն օրինակներից են: «Լորիկ» վերնագիրը պայմանական է (յուրաքանչյուր երգային օրինակ ավարտվում է «Լորիկ, լորիկ, լորիկ…» կրկնակով), որն ընդգրկում է «Գացի արտեր, բռնի լոր», «Առավոտուն բարի լուս» և «Առավոտ լոր մտավ արտ» երգերը: Կոմիտասը նշել է, որ այդ եղանակները մեկից մյուսի զարգացումը ցույց տվող օրինակներ են, ապա դասակարգել է տարբեր ժանրերում` հարսանեկան և քնարական:
Եթե քնարական-սիրային երգերում անհատ երգասացն իր «սուբյեկտիվ» մոտեցմամբ արտահայտում է իր ներքին աշխարհը` որոշակի իրավիճակում ծնված և միայն իրեն բնորոշ հուզականությամբ, ապա հարսանեկան երգերն իրենց մեջ կուտակել և պահպանել են հարյուրամյակների ընթացքում ձեռք բերված ազգային երգամտածողությանը բնորոշ տիպագծեր: Մեր կատարած ուսումնասիրությունները, ինչպես նաև այլ ազգագրական աղբյուրներում զետեղված նույնատիպ երգային օրինակների հետ համեմատական աշխատանքների մանրակրկիտ վերլուծություններն ապացույց են այն բանի, որ նշված երգերի եղանակները ոչ թե «մեկից մյուսի զարգացումը ցույց տվող օրինակներն են», այլ մեկ ամբողջական ավանդական ծիսական հարսնագովք: Ժամանակի քայքայիչ ազդեցությամբ, աղճատվելով և մասնատվելով, այդ երգերը, այնուամենայնիվ, պահպանել են իրենց մեղեդային ինքնությունը: Միայն ծիսական երգերի ավանդականությամբ կարելի է բացատրել «Լորիկ»-ներում առկա մետրառիթմական, տաղաչափական և մեղեդային տիպական մտածողությունը, որը բխում է հարսանեկան երգերի բանաձևային կառուցողական սկզբունքից: