merikirakosyan

ՄԵՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ: 2013 թ․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Հեղինակ է «Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը» մենագրության (2014) և գիտական 24 հոդվածների, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ուսումնասիրությունը:

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Փանոս Թերլեմեզյանը XIX-XX դարերի հայ կերպարվեստի պատմության էջերում իր ուրույն տեղն է զբաղեցնում որպես ռեալիստական գեղանկարչության անվանի նկարիչ, մշակութային-հասարակական գործիչ և հայ ազատագրական պայքարի նվիրյալ: Արվեստագետն իր ստեղծագործական արգասալից կյանքի ընթացքում կապեր է հաստատել հայ մշակույթի ականավոր գործիչներից շատերի հետ, որոնց թվում հատկապես առանձնանում է Կոմիտասի հետ նրա ջերմ մտերմությունը: Տաղանդավոր երաժշտագետին և նշանավոր նկարչին կապում էր բազմամյա ընկերությունը: Նրանք բարեկամացան և ավելի մտերմացան, երբ Թերլեմեզյանը փոխադրվեց Պոլսո Բանկալտի թաղամաս և Կոմիտասի հետ բնակվեցին մի տան մեջ: Բանախոսության համար հիմք են ծառայել նկարչի հուշերը, արխիվային, անտիպ նյութերը և ժամանակակիցների վկայությունները:
Զեկուցման մեջ ներկայացվում է Թերլեմեզյանի վրձնին պատկանող, նկարչի ստեղծագարծական վաղ շրջանին առնչվող լավագույն դիմանկարի՝ «Կոմիտաս Վարդապետի» (1913) ստեղծման պատմությունը՝ մատնանշելով ստեղծագործության անվանման հետ կապված ճշգրտումներ: Միևնույն ժամանակ անդրադարձ է արվում Թերլեմեզյանի կոմիտասյան պատկերների թե´ գծանկարչական և թե´ երփնագիր գործերին: Շոշափվում են 1912-1913 թվականների Կոմիտասի և Թերլեմեզյանի մշակութային գործակցության հետ կապված տվյալները, նաև հայ գրականության մեջ առկա անդրադարձները նկարչի և երաժշտի մտերմությանը: Գիտական շրջանառության մեջ են դրվում Թերլեմեզյանի անհայտ աշխատանքներից «Կոմիտաս վարդապետը և իր դասընկեր եզդիների ցեղապետը» (1910), ինչպես նաև կորսված «Թերլեմեզյան, Կոմիտաս, Սիամանթո և Մաննիկ Պերպերյան» խմբակային էտյուդը: Արծարծվում է Կոմիտասի և Թերլեմեզյանի աշակերտուհի Արմինե Մելիքյանի դիմանկարի ստեղծման պատմությունը և վերջինիս հետագա ճակատագրին վերաբերող մեր ուսումնասիրության արդյունքները: