michel-caire

ՄԻՇԵԼ ՔԵՂ

Բժշկական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում (Ecole Pratique des Hautes Etudes, Փարիզ, Սորբոն), հիվանդանոցների հոգեբույժ, Մեզոն Բլանշ (Փարիզ) բժշկական կենտրոնի Բժշկական տեղեկատվության բաժնի ղեկավար:

ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայում Մեծարգո Հայր Կոմիտասի` Վիլ Էվրարի առողջարանում և Վիլ Ժուիֆի մտավոր խնդիրներ ունեցող հիվանդների կացարանում անցկացրած տարիների մասին` 1919 թ. ապրիլի 6-ից մինչ 1935 թ. հոկտեմբերի 21-ը՝ իր մահվան օրը:
Ուսումնասիրությունը հիմնվում է Մեծարգո Հայր Կոմիտասի բժշկական արխիվային փաստաթղթերի բովանդակության վերլուծության վրա: Այդ արխիվային փաստաթղթերն այսօր լիովին հասանելի են: Ուսումնասիրությունն արտացոլում է Հայր Կոմիտասի՝ հոգեբուժարանում անցած երկար ճանապարհը երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում և վեր է հանում նրա հիվանդության, բժշկական խնամակալության, կյանքի պայմանների հետ կապված հարցեր:
Հայր Կոմիտասի մտավոր խնդիրների մասին վկայել են բազմաթիվ բժիշկներ, որոնց անուններն այսօր հնարավոր է նշել և ովքեր նրան խնամել են կամ պարբերաբար զննել: Այդ խնդիրների մասին վկայել են նաև Կոմիտասի մտերիմները: Վերջիններից ոչ ոք կասկածի տակ չի դրել արգելափակման հիմնավորված լինելը: Մեծարգո Հայրն ինքն էլ կարծես թե դուրս գալու պահանջ չի ունեցել: Բուժման հնարավորությունները, որոնք այդ ժամանակաշրջանում սահմանափակ էին, բնավ ազդեցություն չունեցան մտավոր խնդիրների վրա, իսկ արգելափակման մեջ երկարատև մնալը նաև լրջացրեց այդ խնդիրները:
Հայր Կոմիտասին հետ չէին վարվում մտավոր խնդիրներ ունեցող մյուս հիվանդների նման, և դա արվում էր շնորհիվ հայ համայնքի մշտական ներկայության, Կոմիտասի ընկերների հաճախակի այցերի և շնորհիվ երկրպագուների, ովքեր նպաստում էին դրսի աշխարհի հետ կապերի պահպանմանը:
Մտավոր հիվանդների և ադմինիստրացիայի շրջանում «Հայր Կոմիտասի ընկերների խնամատար հանձնաժողովի» միջամտությունը նպաստում է նրա խնամակալության հարցերի լուծմանը և թույլ տալիս բարելավել առօրյան: Այդ հանձնաժողովը վճարում է օրավարձը, որը բավականին թանկ էր Վիլ Էվրարում, և հնարավորություն է տալիս խուսափել Հայր Կոմիտասի տեղափոխումից գավառական որևէ կացարան: Այնուամենայնիվ, չի հաջողվում նրան տեղափոխել ավելի բարենպաստ կենտրոն՝ Շվեյցարիա, Ավստրիա, Կոստանդնուպոլիս կամ «իր երկիր»: Վիլ Էվրարում, ինչպես այնուհետև Վիլ Ժուիֆում, նրան տրվում են բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝ առանձնասենյակ, որտեղից տեսարան է բացվում դեպի այգի ու դեպի կղերականների նավահանգիստ, իսկ 1932 թ. Հայր Կոմիտասին ընդունում են այլ մասնաճյուղ: Այդտեղ նա օգտվելու էր հատուկ խնամքի միջոցներից, որոնք անհրաժեշտ էին սոմատիկ խանգարումների դեպքում, և որոնց բուժումն այդ ժամանակաշրջանում իրագործելի չէր: