ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար:
Նավոյանը հեղինակ է 2 մենագրության` «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողության դրսևորումը հայկական միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (2001), «Դրվագներ հայ երաժշտության պատմությունից» (2009), և շուրջ 40 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայկական և միջազգային պարբերականներում, գիտական ժողովածուներում և տարեգրքերում: Գիտական ուսումնասիրության շրջանակն ընդգրկում է հայ երաժշտական միջնադարագիտությունը, Ութձայն համակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՒԹՁԱՅՆԻ» ՀՆԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻՑ ՄԵԿԻ ԹՎԱԳՐՈՒՄԸ

«Մովսէսի Քերթողահաւրն յաղագս կարգաց եկեղեցւոյ բացայայտնութիւնք» (Մովսես Քերթողահոր բացատրությունները եկեղեցու կարգերի վերաբերյալ) խորագրով երկը որպես ձեռագիր պատառիկ պահպանվել է երկու օրինակով: Առաջինը պահպանվել է XI դարում արտագրված ծիսական ընթերցվածների Գրիգորիս Արշարունու (VII – VIIIդդ.) մեկնությանը կից, որ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում, 475 համարի տակ: Մյուս օրինակը մեզ է հասել XVII դարասկզբի արտագրությամբ և մաս է կազմել Հ. Քյուրդյանի մասնավոր հավաքածուի: Ամբողջական երկը շրջանառության մեջ է դրվել XX դարի սկզբին երկու տարբեր հրատարակություններով:
Գրվածքը մեկնողական բնույթի մի երկ է, որն ամենայն հավանականությամբ առավել մեծ աշխատության պահպանված բեկոր է: Բովանդակությունը եկեղեցու կարգավորությունների՝ կարելի է հասկանալ ծիսական կարգավորությունների մասին է: Իր ոչ մեծ ծավալից անկախ, այս գրվածքը հարուստ տեղեկություններ է հաղորդում հայ վաղմիջնադարյան երաժշտական մշակույթի մասին: Այն կարևոր է Ութձայն համակարգի աստվածաշնչյան հայեցակարգի, թվային խորհրդաբանության, Սաղմոսարանի՝ ըստ ութ ձայնեղանակների կիրառման յուրահատուկ ձևի, հիմներգական որոշ միավորների վաղ շրջանի մեկնաբանության և այլնի առումով:
Երկը պայմանականորեն կարելի է բաժանել երկու հատվածի: Առաջինում հեղինակը աստվածաշնչյան հղումներով և քրիստոնեական խորհրդաբանական տարբեր ձևակերպումներով հիմնավորում է Ութձայնի գոյությունն ու գաղափարաբանական նշանակությունը: Այս հատվածի ավարտին ութ ձայների թվային խորհրդանիշը մեկնաբանելու պատրվակով հեղինակն անդրադառնում է Հայ եկեղեցու գիշերային ժամերգության մաս կազմող, ըստ Ութձայն համակարգի դասավորված ութ կանոն – սաղմոսներին: Դրանք սաղմոսների ծավալուն շարքեր են, որ ներկայացնում են գրեթե ողջ Սաղմոսարանի ծիսական կիրառությունը Հայ եկեղեցում՝ ըստ ութ ձայնի:
Գիշերաժամի այս դրվագին հաջորդում է Առավոտյան ժամերգության մի շարք միավորների մեկնությունը:
Գրվածքը XX դարի ընթացքում ուսումնասիրվել է հայ երաժշտագիտության մեջ և 1972 թ. երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի կողմից վերագրվել է VII – VIII դարերի հեղինակ Մովսես Սյունեցուն: Սակայն երկի վերնագրում հիշատակվող Մովսես Քերթողահայրը հայագիտության մեջ ընդունված կարծիքով Ս. Մովսես Խորենացին է (V դար):
Այս հակասությունը լուծելու համար բավարար փաստարկներ կան հենց երկի մեջ, որտեղ Հայ եկեղեցու ծեսին և հայ ծիսական – երգային ժողովածուների պատմությանը, առանձին երգային միավորներին և այլ հանգույցներին առնչվող ձևակերպումները թույլ են տալիս բավարար ճշգրտությամբ վերականգնելու այս գրվածքի ստեղծման ժամանակափուլը: