avetisyan

ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, ՀՀ կոմպոզիտորների միության վարչության անդամ, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ:
2009 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն՝ «Բալետային դրամատուրգիայի տարածագրաֆիկական վերլուծության հնարավորությունները» թեմայով։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են երաժշտական թատրոնին, կատարողական արվեստին, կոմպոզիտորների ստեղծագործություններին, անհատական ստեղծագործական դիմանկարներին: Հեղինակ է ռադիոհաղորդումների և այլ նախագծերի, այդ թվում՝ հանրագիտարանների և զանազան ժողովածուների:

«ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՐՊԱՐԸ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԱՆՏՈՒՆԻ» ԲԱԼԵՏՈՒՄ»

Հայ կոմպոզիտոր Էդգար Հովաննիսյանի «Անտունի» (1969) բալետը նվիրված է Կոմիտասի 100-ամյա հոբելյանին: Սույն հետազոտությունը ներկայացնում է անդրադարձը Կոմիտասի կերպարին՝ բալետի գլխավոր հերոսի` Անտունու գեղարվեստական կերպարի միջոցով: Բալետը բաղկացած է երկու գործողությունից՝ հնգական պատկերներով: Առաջին գործողությունը բացահայտում է գլխավոր հերոսի ստեղծագործական էությունը, սերը, անձնական զգացմունքային աշխարհը: Երկրորդ գործողությունը կտրուկ հակադրվում է առաջինին՝ ներկայացնելով բռնություն, վիշտ, տառապանք՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Բալետի վերլուծությունը կատարված է իմ կողմից ստեղծված տարածագրաֆիկական մոդելավորման մեթոդով, որը հնարավորություն է տվել վերլուծելու ստեղծագործության կառուցողական և դրամատուրգիական առանձնահատկությունները՝ արտահայտված և համակարգված չորս բազմամակարդակ, բազմաշերտ գծանկարների միջոցով: Այս ստեղծագործության հայելանման-համաչափ ձևակառուցվածքը առանձնանում է ռացիոնալ, տրամաբանական չափանիշներով և ներդաշնակությամբ: