ՌԵԳԻՆԱ ՌԱՆԴՀՈՖԵՐ

Երաժշտագետ, դոկտոր, Հանովերի երաժշտության, դրամայի և հաղորդակցության համալսարանի Հրեական երաժշտության կենտրոնի գիտաշխատող: Սովորել է Քյոլնի համալսարանում` ստանալով մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճան: Ուսումնասիրել է գերմաներեն, իտալերեն, դասական արաբերեն և սանսկրիտ: Եղել է Լայպցիգի հրեական պատմության Սիմոն Դուբնով ինստիտուտի «Եվրոպական ավանդույթները. hրեական մշակույթի հանրագիտարան» ակադեմիական նախագծի գիտաշխատող (2007-2015 թթ.): Դասավանդել է եվրոպական մի շարք համալսարաններում, այդ թվում` Աախենի տեխնոլոգիայի համալսարանում, Հալլե-Վիտենբերգի Մարթին Լյութերի համալսարանի երաժշտագիտության բաժնում, Բուդապեշտի Ֆերենց Լիստի երաժտական ակադեմիայում, Երուսաղեմի Հրեական համալսարանում: Ռանդհոֆերը հեղինակ է գիտական հոդվածների և մենագրության` «Psalmen in einstimmigen vokalen Überlieferungen. Eine vergleichende Untersuchung jüdischer und christlicher Traditionen».

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԲԵՌԼԻՆՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտասի՝ բեռլինյան ուսումնառության ժամանակահատվածը՝ 1896-1899 թթ., վճռական ազդեցություն ունեցավ նրա հետագա ձեռքբերումների վրա: Նա ստացավ եվրոպական երաժշտության բարձրագույն կրթություն, ինչն Էջմիածնի ճեմարանը չէր կարող առաջարկել: Բեռլինի կարևորությունը Կոմիտասի համար ավելին եղավ, քան զուտ գեղարվեստական և ակադեմիական գիտելիքների ձեռքբերումնը: Իմ զեկուցման մեջ ես փաստում եմ, որ Բեռլինն ավելի շուտ խթան հանդիսացավ՝ հայկական երաժշտությունն ազգային պահանջների տեսանկյունից կիրառելու համար: 19-րդ դարի Գերմանիայում սկիզբ առան առանցքային քննարկումներ և ռազմավարությունների մշակումներ՝ միտված մշակութային ազգի կառուցմանը, ազգային միասնության ցուցադրությանը և ինքնության հաստատմանը: Գերմանիան մատնացույց արեց Օսմանյան և Ռուսական կայսրություններում հաստատված պետականությունից զրկված հայ համայնքներին ինքնության հաստատման հսկա ներուժը՝ «ազգային զարթոնքի» ժամանակաշրջանում:
Նախ` ներկայացնում եմ 1871 թ. Գերմանիայում տիրող առանձնահատուկ իրավիճակը՝ պայմանավորված պատմության մեջ առաջին ազգային միասնական պետության ստեղծմամբ: Այնուհետ ցանկանում եմ հակիրճ ուրվագծել համախմբումից բխող ազգային նախագիծը և երաժշտության, մասնավորապես՝ ժողովրդական երգերի դերը վերոհիշյալ գործընթացներում: Նպատակ ունեմ քննելու Բեռլինի համալսարանի դերակատարությունն այս լույսի ներքո: Զեկուցման կետրոնական հանգույցը Կոմիտասի համալսարանական դասախոսների դիրքորոշման և նրան փոխանցած գաղափարների քննությունն է, դրանց ազդեցությունը Կոմիտասի՝ հայկական ազգային երաժշտության սեփական նախագծի մշակման վրա:
Կոմիտասի՝ ընդհանրական ազգային շահերի և նրա ուսուցիչների մոտեցումների ընկալումը թույլ կտա լույս սփռել Բեռլինի դասախոսների ազդեցության շրջանակներից դուրս Կոմիտասի ներդրումը բնութագրող մոտեցումների և գաղափարների վրա: Իմ եզրահանգումները կապված են Կոմիտասի գործունեության որոշ աննախադեպ դիտանկյունների հետ. գործունեություն, որը հատելով ավանդական դիսցիպլինների սահմանները, արձագանք է գտել բեռլինյան երաժշտագիտության և նոր հիմնված Միջազգային երաժշտական ընկերության շրջանակներում մինչև այն պահը, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերջ դրեց երաժշտագիտության այս վաղ ստեղծարար ժամանակաշրջանին: