ՍԵՐԽԻՈ ԷՍԿԱԼԵՐԱ

(դաշնամուր, Բոլիվիա)

Բոլիվիացի դաշնակահար Սերխիո Էսկալերան իր երաժշտական ուսումնառությունը սկսել է վեց տարեկան հասակում, Լա Պասի Երաժշտության ազգային կոնսերվատորիայում։ 2008 թ. նրան շնորհվել է Իտալիայի Դուինոյի Ադրիատիկի Միավորված համաշխարհային քոլեջ (UWC) հաճախելու և ‟Scuola Superiore Internazionale di Musica da Camera del Trio di Trieste”-ում երաժշտության ոլորտի հետազոտողի ամբողջական կրթաթոշակ։ Նա բակալավրի աստիճան է ստացել  Բոստոնի կոնսերվատորիայում, որտեղ ուսանել է Մայքլ Լևինի դասարանում։ Նրա ուսուցիչներից են եղել Նադյա Լապիչը և Իգոր Կոգնոլատոն։ Կամերային երաժշտության ուսուցիչներից են՝ Դարիո Դե Ռոսան, Ռենատո Զանետովիչը և այլք։
Սերխիո Էսկալերան համագործակցել է մի շարք անվանի դիրիժորների (Ֆրեդի Տերացաս, Ռիկարդո Կաստրո, Վիլեմ Ստամ, Սերգեյ Բաբայան և այլք) հետ՝ հանդես գալով Ֆերենց Լիստի Ակադեմիական նվագախմբի, Բրազիլիայի Բահիայի երիտասարդական և Բոլիվիայի դասական նվագախմբերի, Էնտրե-Ռիոսի, Տուկումանի և Լոզանի համալսարանի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Ս. Էսկալերան մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթների՝ արժանանալով մրցանակների. այդ թվում՝ Պերուի Ֆրեդերիկ Շոպենի անվան III  (գլխավոր մրցանակ), Տուկումանի (Արգենտինա)  I (երկրորդ մրցանակ), Կլաուդիո Արաուի XXI (Չիլի, գլխավոր և հատուկ մրցանակներ), Իտալիայի Տրիեստում կայացած «Արս Նովա» IV (առաջին բացարձակ մրցանակ), Բոստոնի կոնսերվատորիայի դաշնամուրի պատվո մրցաշար (գլխավոր մրցանակ) և այլն։
Համերգներով հանդես է եկել Էկվադորում, Կոլումբիայում, Գվատեմալայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Մակեդոնիայում, Իրաքում և այլուր, մասնակցել  մի շարք փառատոների, ինչպես օրինակ՝ Ժամանակակից երաժշտության փառատոն Կոչաբամբայում, Երիտասարդ տաղանդների V հանդիպում (Encuentro de Jóvenes Talentos) Չիլիում, ՄյուզիքՖեսթ Պերուջան Իտալիայում, FEMUSC- Բրազիլիայում, Մորիցբուրգի փառատոն Գերմանիայում, Հոգևոր երաժշտության միջազգային փառատոն (Festival International de Musiques Sacrées) Շվեյցարիայում, համերգների շարք Ֆրեդերիկ Շոպենի ծննդավայր Լեհաստանում, և այլն։ Սերխիո Էսկալերան համագործակցում է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Փոլ Մերկելոյի, Նյու Յորքի Ֆիլհարմոնիկի գլխավոր փողահար Ֆիլիպ Մայերսի, Շվեդիայի Նորբոտեն նվագախմբի համերգավար Բրուսկ Ցանգանեհի, ջութակահար Գեզա Հոսցու-Լեգոքիի, դաշնակահար/դիրիժոր Սերգեյ Բաբայանի և իր ներկայիս ուսուցիչ՝ բրազիլացի դաշնակահար և դիրիժոր Ռիկարդո Կաստրոյի հետ։ Այժմ նա Հայաստանի ռեզիդենտ երաժիշտ է Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC), որտեղ ուսուցանում է աշխարհի տարբեր  երկրներից եկած աշակերտներին: