ՏԱՏՅԱՆԱ ԿԱՊԼՈՒՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Օդեսսայի Ա. Վ․ Նեժդանովայի անվան երաժշտական ակադեմիայի Տեսական և գործնական մշակութաբանության ամբիոնի դոցենտ: Երաժշտական կրթությունը ստացել է Օդեսսայի երաժշտական քոլեջում (տեսական բաժին, 1984) և Ա. Վ․ Նեժդանովայի անվան կոնսերվատորիայում (երաժշտագիտական բաժին, 1989): Երաժշտական և տեսական առարկաներ է դասավանդել Օդեսսայի երաժշտական քոլեջում (1991-2010): 2000 թ. մինչ օրս դասավանդում է Օդեսսայի Ա. Վ․ Նեժդանովայի անվան երաժշտական ակադեմիայի Տեսական և գործնական մշակութաբանության ամբիոնում: Նույն ամբիոնի համար մշակել և ղեկավարել է հեղինակային առարկայական դասընթացներ՝ նվիրված սլավոնական մշակույթի պատմությանը, աշխարհի տարբեր ժողովուրդների ազգաբանությանն ու ֆոլկլորին, երաժշտական հնագրությանը (պալեոգրաֆիա) և այլ թեմաներին: Պաշտպանել է «Հունական երգվածքը XVII-XVIII դդ. ռուսական եկեղեցական երգեցողության պրակտիկայի համատեքստում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը Ա. Վ․ Նեժդանովայի անվան երաժշտական ակադեմիայում (2005): Գիտական հետաքրքրությունները ներառում են սլավոնական և այլ ազգային մշակույթների էթնոերաժշտագիտությունը, երաժշտական միջնադարագիտությունը (հին հունական և ռուսական երգեցողական ավանդույթներ, սուրբ կանանց նվիրված ծիսակարգեր և այլն), սլավոնական երաժշտական մշակույթի պատմությունը: Ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է: Մասնակցել է Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում և եվրոպական տարբեր երկրներում կայացած 60-ից ավելի միջազգային գիտաժողովների:

ԿՈՒՅՍ-ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ԱՐՔԵՏԻՊԸ ԱՐԵՎԵԼԱՍԼԱՎՈՆԱԿԱՆ
ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՒՄ՝
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ

Արևմտյան կելտա-գերմանական մշակութային-պատմական արեալը և կենտրոնական-արևելյան խայտաբղետ արեալը, որը ներառում էր թրակիա-իլիրիական, սկյութա-սամաթիական և բալթյան-սլավոնական միավորումների բարդ խառնուրդը, իրենց դիցաբանության մեջ և մշակույթում մարմնավորել են արխաիկ պատկերացումներ՝ կանացի նախասկզբի էթնիկ-արեալային դրսևորման մասին: Մայրիշխանության դարաշրջանի նեոլիթյան փուլում հնդեվրոպական ժողովուրդների մոտ ձևավորվում է Մեծ աստվածուհու արքետիպային կերպարը, որը Բրոնզի դարում ճյուղավորվում է մի շարք կին-աստվածությունների՝ որոշակի հատկանիշների և գործառույթների առանձնացմամբ: Արևելյան սլավոնների պանթեոնում Մեծ աստվածուհու բազմագործառութային բնույթը մարմնավորել են Մակոշը, Լադան, Լելյան, Մարան և այլ աստվածություններ: Արևելասլավոնական դիցաբանական համակարգում հատուկ տեղ են գրավում պալյանիցա կոչվող դյուցազնուհիները (հերոսուհի-ռազմիկները՝ Զլատոգորկան, Մարինկան, Նաստասյան և այլք), որոնք առկա են հին սլավոնական էպոսում: Նշված կանացի կերպարները ներկայացնում են «մութ», խտոնիկ բնության հերոսների արխաիկ տեսակը, որն էպիկական դարաշրջանների փոփոխության ֆոնի վրա չի կարողանում հակադրվել մարդկային «լուսավոր» աշխարհին, նրա հասարակական կարգուկանոնին, ինչպես նաև դյուցազունների նոր սերնդին («մշակութային հերոս»):
Մի շարք հատկանիշների առումով նկարագրված կերպարներին մոտ է «Երգ նիբելունգների մասին» հին գերմանական պատմական պոեմի դիցաբանական հերոսուհին՝ Բրյունհիլդեն, որն օժտված է նույնպիսի ֆիզիկական հզորությամբ, համառությամբ և ոգու ուժով, ինչպես արևելասլավոնական դյուցազնուհիները:
Այնուհետև դիտարկվում են վերոնշյալ երկու ավանդույթների կույս-ռազմիկների ընդհանրություններն ու առանձահատկությունները՝ այդ կերպարների արքետիպային հիմքերի և նրանց ազգային-էթնիկ յուրահատկության բացահայտման նպատակով (էթնոմշակութային արքետիպեր՝ ըստ Կարլ Գուստավ Յունգի): Բացահայտվում են նաև քննվող կերպարների երաժշտական մարմնավորման ձևերը XIX դ. երկրորդ կեսի և XX դարի առաջին քառորդի կոմպոզիտորական արվեստում (Մոդեստ Մուսորգսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Ռիխարդ Վագների, Ռիխարդ Շտրաուսի և այլոց ստեղծագործության օրինակով):