ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, Երաժշտության բաժնի վարիչ, Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահ: Հեղինակ է 10 մենագրության և գիտական ավելի քան 100 հոդվածների, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների աշխատանքներին: Ա. Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 10 ատենախոսություն: Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է:

 

ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ԿՈՄԻՏԱՍԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծանրակշիռ է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ներդրումը Կոմիտասի ժառանգության ուսումնասիրության գործում:
1.Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը
1949 թ․ սեպտեմբերի 26-ին Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհուրդը որոշում է ընդունում Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության մասին, որի իրագործումը հանձնարարվում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային: Արվեստի ինստիտուտի երաժշտագետների մի քանի սերունդների ջանքերով հրատարակվեց Կոմիտասի Երկերի ժողովածուն՝ 14 հատորով (1960-2006), որը հրատարակության պատրաստեցին Ռոբերտ Աթայանը և Գևորգ Գյոդակյանը: Սա ոչ միայն բացառիկ իրադարձություն էր հայ ժողովրդի երաժշտական կյանքում, այլև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համազգային նշանակալի երևույթ:
2.Գիտական ուսումնասիրություններ
Կոմիտասագիտության մեջ կարևոր ներդրում են Գևորգ Գյոդակյանի «Կոմիտաս» (2000), «Комитас» (1969) և «Komitas» (2014) ուսումնասիրությունները, Ռուբեն Թերլեմեզյանի «Կոմիտաս» (1995) և Տաթևիկ Շախկուլյանի «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը (1891-1899)» մենագրությունները, ինչպես նաև Մաթևոս Մուրադյանի, Ռոբերտ Աթայանի, Գևորգ Գյոդակյանի, Կարինե Խուդաբաշյանի, Աննա Արևշատյանի, Աննա Ասատրյանի, Մհեր Նավոյանի, Տաթևիկ Շախկուլյանի և այլոց գիտական հոդվածները: Տ. Շախկուլյանի հոդվածաշարն արժանացել է ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության առաջին մրցանակին՝ «Արվեստ, լեզու և գրականություն» անվանակարգում (2011):
3.«Կոմիտասական»
Արվեստի ինստիտուտն իրականացրել է Կոմիտասի ժառանգության առանձին հարցերին նվիրված գիտական ուսումնասիրությունների հրապարակումը «Կոմիտասական» ժողովածուի երկու հատորներում (1969, 1981): Արվեստի ինստիտուտն առաջիկայում հրատարակելու է «Կոմիտասականի» երրորդ հատորը, որը նվիրվելու է Գ.Գյոդակյանի հիշատակին:
4.Կոմիտասի գիտական կենսագրությունը
Դեռևս 1973 թ. «Արվեստի ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների քսանամյա հեռանկարային ծրագրում» կարևորվել էր Կոմիտասի գիտական կենսագրության ուսումնասիրությունը: Խաչիկ Սամվելյանի կազմած՝ Կոմիտասի գիտական կենսագրությունը հատվածաբար տպագրվել է «Սովետական արվեստ» և «Էջմիածին» հանդեսների մի քանի համարներում, իսկ վերջերս ամբողջական լույս տեսավ Կոմիտասին նվիրված պատկերագրքում: