01-hover

«ՀՈՎԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

«Հովեր» պետական կամերային երգչախմբի երկացանկն ընդգրկում է խմբերգային բազմաժանր ստեղծագործություններ: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ավանդական և փորձարարական նախագծերով: Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի և հայաստանյան մի շարք այլ նվագախմբերի, երգչախմբերի և փառատոների հետ:
Երգչախմբի ծրագիրը բազմազան է և տարաբնույթ: «Հովերը» հայ կոմպոզիտորների (Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան) մի շարք երկերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողն է:
Երգչախումբը ձայնագրել է 7 ձայնասկավառակ:
Մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական աշխատանքներին. «Արարատ» (ռեժ.՝ Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ.՝ Տավիանի եղբայրներ), «Նամուս» (Arte ստուդիայի վերականգնված տարբերակ), «Թևանիկ» (ռեժ.` Ջ. Ավետիսյան) The Promise (ռեժ.՝ Թ. Ձորջ), «Պեպո» ներկայացման համար (երաժշտ.՝ Վ. Շարաֆյան) և այլն:
Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում: Մասնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոների Արեցցոյում (Իտալիա), Տուրում (Ֆրանսիա), խմբերգային օլիմպիադայի Լինցում (Ավստրիա), հոգևոր երաժշտության փառատոների՝ Gaude Mater, Logos (Լեհաստան), Festival van Vlaanderen (Բելգիա) և Les Sacrees Journees (Ֆրանսիա), Վալերի Գերգիևի Զատկի փառատոն (Ռուսաստան), Polyfollia (Ֆրանսիա) և La Fabbrica del Canto (Իտալիա) պրոֆեսիոնալ երգչախմբերի ստուգատես-փառատոների, MustonenFest (Էստոնիա), Ludwig van Beethoven Easter Festival (Լեհաստան), MIDEM (Ֆրանսիա), Beiteddine Art Festival (Լիբանան), The International Music Festival of Sion Valais (Շվեյցարիա), Emilia-Romagna (Սլովենիա), Südtirol (Իտալիա) միջազգային փառատոների: Հանդես է եկել Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ) հեղինակավոր դահլիճներում:
Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովերի» կատարումներն արժանացել են բարձր գնահատականների: «Հովեր» կամերային երգչախումբը հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվենիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա, Բ. Կուտավիչյուս, Լ. Շամբադալ):
2009 թ. «Հովեր» կամերային երգչախմբին շնորհվեց պետական կարգավիճակ: Մշակույթի նախարարության հետ մշտական ակտիվ աշխատանքի շնորհիվ երգչախումբն ունի կայուն առաջընթաց: «Հովերը» շարունակում է ներկայացնել նորանոր ծրագրեր, որոնք միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին` հարստացնելով հայ խմբերգային երաժշտության ներկապնակը:
2011 թ.-ից «Հովերը» ակտիվորեն աշխատում է կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում:
Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
2013թ.-ից «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր հովանավորությունը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը (գլխավոր տնօրեն՝ Ռ. Յիրիկյան): Այս հանգամանքը երգչախմբի համար նոր, կարևորագույն փուլ հանդիսացավ` խթանելով նրա ստեղծագործական գործունեությանը, պայմաններ ստեղծելով իր մտահղացումների և ծրագրերի լիարժեք և բազմակողմանի իրագործման համար:
Երգչախումբը հիմնել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: