ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Հիմնվելով արևմտաեվրոպական երաժշտության զարգացման փորձի ու հայ կոմպոզիտորական դպրոցի ձեռքբերումների վրա և հետազոտելով հայ ավանդական երաժշտության առանձնահատկությունները` նա ստեղծեց կոմպոզիտորական ուրույն ոճ, որը համաշխարհային երաժշտության պատմության մասշտաբով ինքնատիպ է և չկրկնվող: Կոմիտասի երաժշտության հարմոնիկ ու պոլիֆոնիկ դրսևորումները և ֆակտուրային շարադրանքի մոտեցումները երաժշտագիտական ընդունված բնորոշումների որևէ դասակարգման չեն ենթարկվում:

Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է հայկական ժողովրդական ու հոգևոր երգերի մշակումներ և ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ (հեղինակային) գործեր: Մշակումները նույնպես ընդունված է համարել ստեղծագործություններ` նկատի ունենալով կոմպոզիտորական ինքնատիպ մոտեցումը: Կոմիտասը գրել է հիմնականում հետևյալ ժանրերում.

ա) Մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ: Կոմիտասը ձայնի և դաշնամուրի համար մշակել է հայ ժողովրդական երգերի գլուխգործոցների իր իսկ բանահավաքչական գտածոներ: Թեմատիկան բազմազան է. փիլիսոփայական, քնարական ու սիրային երգերից մինչև կատակերգեր, պարերգեր: Որոշ երգեր կատարողական առումով վոկալ  վարպետություն են պահանջում, ինչպես, օրինակ, «Անտունին», «Կռունկը», «Ծիրանի ծառը» և այլն: Զարմանք է առաջացնում այն փաստը, որ այդ երգերը գրառվել են գեղջուկներից, իսկ դա նշանակում է, որ հայ գեղջուկը տիրապետել է բնական վոկալ հմտությունների: Կոմիտասի` ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ երգերը ոճական հատկանիշներով ժողովրդական երաժշտության հետ այնպիսի նմանություններով են օժտված, որ հաճախ նույնպես ընկալվում են որպես այդպիսին: Հատկանշական օրինակ է «Կաքավիկ» երգը:

բ) Խմբերգեր: Կոմիտասի խմբերգերի թվում են հոգևոր, ժողովրդական երգերի մշակումները և ինքնուրույն ստեղծագործությունները: Կոմիտասը մշակել է հոգևոր երգեր, որոնք վերաբերում են եկեղեցական օրացույցի տարբեր օրերի, տոների, սրբերի, ինչպես օրինակ, «Ջրօրհնեաց երգերը», «Ոտնլուայի երգերը» և այլն: Առանձին հոգևոր երգերի թվում են նաև Պատարագի տարբեր հատվածներ, ինչպիսիք են` «Հայր մէր», «Ամէն: Հայր սուրբ» և այլն:

Արական երգչախմբի համար գրված «Պատարագը»  Կոմիտասից պահպանված միակ մեծակտավ ստեղծագործությունն է: Պատարագի` հայոց եկեղեցու կարևորագույն արարողակարգի մեղեդիները Կոմիտասը մշակել է իր գործունեության տարբեր տարիներին, տարբեր առիթներով, կատարողական տարբեր կազմերի համար: Ավանդական մեղեդիները նա հիմնականում քաղել է Պատարագի երգեցողությունների` Ն. Թաշճյանի կողմից կատարված գրառումներից` հրատարակված 1874 և 1878 թթ.-ին, ինչպես նաև կիրառել է բանավոր պահպանված մեղեդիներ: Պատարագի մեղեդիների մշակումներից մի քանիսը պահպանվել են հատվածաբար` ընդամենը մի քանի համարով: Հատկանշական է Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց Պատարագի մեղեդիների մշակումը` կատարված 1910-ականներին: Գոյություն ունի Պատարագի երգեցողությունների գերմաներեն թարգմանությամբ մշակում` գրված Բեռլինում: Վերջին մշակումը` արական երգչախմբի համար, իրականացվել է 1914 թ.-ին: Պատարագի երգեցողությունների մշակումները Կոմիտասը հաճախ նկատի է ունեցել որպես համերգային գործեր: Ներկայում ևս Կոմիտասի 1914 թ.-ի «Պատարագը» հնչում է թե՛ համերգասրահներում, թե՛ եկեղեցական արարողակարգի ընթացքում:

Ժողովրդական երգեր նույնպես Կոմիտասը մշակել է երգչախմբային տարբեր կազմերի համար: Ժողովրդական երաժշտությունն ունի տարբեր ժանրեր` ըստ գեղջկական կյանքի և հասարակության բնագավառների: Կոմիտասի երգչախմբային մշակումներն ընդգրկում են տարբեր ժանրեր` աշխատանքային, հարսանեկան, որոնք ներկայացված են նաև շարերի տեսքով, պարերգեր ու կատակերգեր, ծիսական երգեր և այլն:

գ) Դաշնամուրային գործեր: Դաշնամուրային գործերից հատկանշական են Յոթ պարերը, որոնք Հայաստանի տարբեր տարածաշրջանների պարերի մշակումներ են, «Մշո շորորը», որը ևս իր մեջ ներառում է մի քանի պար, «Երգեր» կոչվող մանրանվագները, որոնք հիմնվում են հայ ժողովրդական տարբեր երգերի մեղեդիների վրա և այլն: Դրանք բոլորը դրսևորում են ինքնատիպ շարադրանք, որը բնորոշվում է թափանցիկությամբ, մեղմ գույներով, ֆակտուրայի «կոմիտասյան» մոտեցմամբ:

դ) Օպերային նախագծեր: Հայտնի են Կոմիտասի մի քանի օպերային մտահղացումներ, որոնց դրսևորումները պահպանվել են լոկ պատառիկների տեսքով: Դրանց թվում են «Անուշ» օպերան` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի, ինչպես նաև «Սասնա ծռերը»` ըստ հայոց էպոսի մոտիվների: Այս և այլ օպերային մտահղացումներում թեմատիկայի ընտրությունը նույնպես վկայում է ազգային մշակույթի կարևորման մասին:

ե) Անսամբլային և նվագախմբային գործեր` ստեղծված ուսանողական շրջանում, որոնք վկայում են դասական կոմպոզիտորական տեխնիկային վարպետորեն տիրապետելու մասին: Նվագախմբի համար է գրված «Walde Nacht» ստեղծագործությունը: Վաղ շրջանում գրված այս պիեսները ցույց են տալիս, որ Կոմիտասը հրաշալիորեն տիրապետել է դասական երաժշտության տարբեր ժանրերի տեխնիկային, սակայն հետագայում նախապատվություն է տվել վոկալ, խմբերգային և դաշնամուրային երաժշտությանը:

«Խորհուրդ խորին» Սբ. Պատարագից, ինքնագրից

«Խորհուրդ խորին» Սբ. Պատարագից, ինքնագրից

Կ.Պոլիս, 1912թ.

Կ.Պոլիս, 1912թ.

ԲԱՆԱՀԱՎԱՔ

Կոմիտաս վարդապետն ավանդական երաժշտության հավաքումը, դասակարգումը և ուսումնասիրությունը գիտական հիմքերի վրա դրեց: Նա աշխարհում առաջին երաժշտական ֆոլկլորագետներից է: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում նա պարբերաբար մեկնել է տարբեր բնակավայրեր` հավաքելով ավանդական երաժշտության նմուշներ: Նախապատվությունը տալիս էր խուլ գյուղերում գրառված երգերին, քանի որ այնտեղ օտար ազդեցությունները քիչ են, և երգը պահպանվում է իր անաղարտ վիճակում:  Այս աշխատանքը շատ դժվար էր, քանի որ գյուղացիները հրաժարվում էին երգել երգի իրական միջավայրից դուրս, պարզապես գրանցելու համար: Ըստ Կոմիտասի. «Շատ դժվարութիւնով կամ ամենեւին չեն երգում, նոյնիսկ ծաղր են անում, եթէ մի ոչ գյուղացի խնդրէ, որ, օրինակ, մի շինականի երգ ասեն, երբ գործի չեն, այն էլ` տանը: Ժողովուրդն արուեստական երգեցողութիւն ասած բանը չը գիտէ: Իւրաքանչիւր երգ իր տեղում, իր ժամանակին է ստեղծում կամ սովորում: Ոչ մի գիւղացի, տանը նստած, կալի երգ չի ասի. որովհետեւ կալերգն ստեղծելու եւ ասելու տեղն է կալը» («Հայ գեղջուկ երաժշտութիւն», Ուսումնասիրութիւններ և յօդուածներ, Գիրք Ա, էջ 377):

Հաղթահարելով դժվարությունները` Կոմիտասին հաջողվել է գրառել և այդպիսով մոռացումից փրկել հայ ավանդական երաժշտության հազարավոր նմուշներ: Այդ թվում են հայ հոգևոր ու ժողովրդական երաժշտության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Մոկաց Միրզա» վիպերգը, «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, «Կռունկը» և այլ պանդխտության երգեր, «Լոռվա գութաներգը» և աշխատանքային այլ երգեր, «Տիրամայրն» խաչելության ողբը, Գրիգոր Նարեկացու տաղերը և այլն:

«Տարրական երաժշտութիւն» ուսումնական ձեռնարկի ինքնագրից

«Տարրական երաժշտութիւն» ուսումնական ձեռնարկի ինքնագրից

 

ԵՐԱԺՇՏԱԳԵՏ

Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից է երաժշտագիտական աշխատանքը: Իր գիտական աշխատանքի արդյունքները նա ներկայացրել է տարբեր լսարաններում, այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության հետազոտության արդյունքում նա հանգեց հայ մշակույթի համար հիմնարար նշանակություն ունեցող մի շարք դրույթների և հայտնագործությունների, որոնցից հատկապես կարևոր են.

ա) Հայ երաժշտության զարգացման պատմա-աշխարհագրական, սոցիալական հիմքերի կարևորումը: Կոմիտասի կարծիքով` բազմաթիվ գործոններ են ձևավորում տվյալ ազգի երաժշտությունը (աշխարհագրական դիրք, բնակլիմայական պայմաններ, լեզու):

բ) Ժանրային դասակարգումը:

գ) Հայ երաժշտության հնչյունաշարերի բացահայտումը: Կոմիտասը ցույց տվեց, որ հայ երաժշտության հիմքում ընկած ձայնակարգերը տարբերվում են  եվրոպական երաժշտության ձայնակարգերից կառուցվածքային  որոշակի  սկզբունքով:

դ) Կառուցվածքային հիմքի պարզաբանումը:

ե) Խազերի հետազոտությունը: Խազագրությունը հայկական միջնադարյան երաժշտական գրանցման (նոտագրության) համակարգ է, որը զարգացել է 8-րդ դարից ի վեր, զարգացման բարձր մակարդակի է հասել 12-15-րդ դարերում, շրջանառվել է մինչև 18-րդ դարը, այնուհետև դուրս է եկել կիրառությունից: Կոմիտասին հաջողվել էր երկար տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում գտնել խազերի վերծանման բանալին:

զ) Տարբեր ազգերի երաժշտության համեմատությունը: Կոմիտասը զբաղվել է համեմատական ֆոլկլորագիտությամբ: Հետազոտելով հարևանությամբ ապրող ազգերի, այդ թվում` հայկական, պարսկական, քրդական, տաճկական, արաբական, ասորական երաժշտության նմուշներ` նա պարզաբանում էր յուրաքանչյուր ազգի երաժշտությանը բնորոշ հատկանիշները:

 

ԿԱՏԱՐՈՂ

Կոմիտասը եղել է երգիչ և խմբավար: Նրա թե´ մենակատարային, թե´որպես երգչախմբի ղեկավար կատարումները լայն արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Բազմաթիվ վկայություններ կան, որ նա հրաշալի ձայն է ունեցել և անգամ իր երգեցողությամբ ողջ լսարանին «ստիպել» արտասվել: Պահպանվել են 1912 թ.-ին Փարիզում իրականացված` Կոմիտասի երգեցողության ձայնագրություններ:

ՄԱՆԿԱՎԱՐԺ

Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մաասնավոր դասեր է վարել Կոստանդնուպոլսում: Կոմիտասը ցանկություն ուներ Կոստանդնուպոլսում երաժշտանոց հիմնել։ Ցավոք, նա նպատակը չհասցրեց իրականացնալ, սակայն նա հասցրեց կրթել երիտասարդ, շնորհալի սերունդ, որոնցից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին: Կոմիտասի աշակերտներից Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ: