Ժամանակակիցները Կոմիտասի մասին

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին: Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:

— Հրաչյա Աճառյան, լեզվաբան
Layout 1

Վանքում ապրում էր հին միաբանական խցերից մեկի մեջ, երկրորդ հարկը կազմող մի սենյակում: Չնայելով որ նրա սենյակը զարդարուն էր գորգերով ու նկարներով, բայց ինքն՝ արվեստագետն ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում և չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն է, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:

— Գարեգին Լևոնյան, գրականագետ, արվեստաբան
Layout 1

Մի որևէ երգ սովորեցնելու համար նա ամեն կերպ աշխատում էր բազմակողմանի ճանապարհով բացատրել նյութի բովանդակությունը. օրինակ, եթե պետք է սովորեցներ «Հորովել» երգը, նա սկսում էր վերլուծել այդ երգը, նկարագրել ռանչպար գյուղացու վիճակը, … որն իր ցավերն է պատմում եզանը և աղերսում նրան, որ նա օգնի իրեն հերկեն, ցանեն, կալսեն ու պարտքը տան պարտատերին: Երգի բովանդակությունը բազմակողմանի կերպով բացատրելուց հետո Կոմիտասը մոտենում էր դաշնամուրին, նվագում և մեղմ ձայնով երգում:

— Վարշամ Փարսադանյան
123