ԱԼԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Երաժշտագետ-ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Եղել է Հայկական ժողովրդական երգի և պարի պետական անսամբլի և Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ֆոլկլորային խորհրդատու: 1989-2018 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Զբաղվում է ֆոլկլորի հավաքչական աշխատանքով, ֆոլկլորային նմուշների վերծանությամբ (նոտագրմամբ): Հեղինակ է դպրոցական դասագրքերի, ֆոլկլորային երգերի ժողովածուների, շուրջ 30 հոդվածների և մենագրությունների, այդ թվում՝ «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները» (Երևան, 2004), «Вопросы армянской музыкальной фольклористики» (Ереван, 2005), «Հայ երաժշտական ֆոլկլորագիտության արդի խնդիրները» (Երևան, 2018): Ա. Փահլևանյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական ֆոլկլորագիտությանը և դրա տեսական ոլորտին:

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Կոմիտասի հետազոտությունը երաժշտական ֆոլկլորագիտության մեջ կարևոր է ոչ միայն հայկական, այլև այլ ազգերի ֆոլկլորային երաժշտության ուսումնասիրության համար: Կոմիտասը համարվում է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Հավաքելով հազարավոր ժողովրդական երգեր և մեղեդիներ, նա դրանք ուսումնասիրել է և դասակարգել ըստ ժանրերի: Հաջորդ քայլը եղել է հայ երաժշտության կառուցվածքին համապատասխան բազմաձայնության որոնումը: Սույն հոդվածը փորձ է բացատրելու, թե ինչու էր Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը, ինչպես ընդունված է համարել հայ երաժշտագիտության մեջ: Քննվում են Կոմիտասի առաջադրած հետևյալ խնդիրները:
✔ Ո՞րն է հայ ավանդական երաժշտության բանավոր էությունը: Ո՞րն է իմպրովիզացիայի դերը բանավոր ավանդույթի ներսում:
✔ Ի՞նչ դեր ունի նոտագրությունը երաժշտության մեջ: Ի՞նչ կորուստներ են լինում նոտագրության դեպքում: Ինչպե՞ս են փոխհարաբերվում գրավոր և բանավոր ավանդույթները:
✔ Յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ երաժշտական բարբառների բացահայտումը:
✔ Ժողովրդական երաժշտական ստեղծագործության մեջ հեղինակի գոյության կամ բացակայության խնդիրը:
✔ Երգերի կենսունակությունը, նրանց կյանքի տևողությունը: Ո՞ր երգերն են ապրում ավելի երկար, և որո՞նք կարճ կյանք ունեն:
✔ Երգերին հատուկ երաժշտական ֆրազների բնորոշումը և բանաձևային արտահայտությունների դուրս բերումը: Ի՞նչ չափով կարող է իմպրովիզացիան գոյություն ունենալ բանաձևային մտածողության մեջ:
✔ Բանահավաքչության մեջ երգի ստացիոնար գրառման մոտեցումը:
✔ Ռիթմը հայ ժողովրդական երգի մեջ:
Ակնհայտորեն Կոմիտասը գերազանցել է իր ժամանակը և կանխորոշել է ֆոլկլորագիտության մի շարք հիմնախնդիրներ: Փաստորեն, նա ուղիներ է առաջադրել ֆոլկլորագիտության հետագա զարգացման համար: