ԱԼԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Երաժշտագետ-ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ: Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անամբլի և Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ֆոլկլորային խորհրդատու: Ա. Փահլևանյանը զբաղվում է ֆոլկլորի հավաքչական աշխատանքով, ֆոլկլորային նմուշների վերծանությամբ և նոտագրմամբ: Հեղինակ է դպրոցական դասագրքերի, ֆոլկլորային երգերի ժողովածուների, շուրջ 30 գիտական հոդվածների և մենագրությունների, այդ թվում` «Вопросы армянской музыкальной фольклористики», «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները»: Ա. Փահլևանյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական ֆոլկլորագիտությանը և դրա տեսական ոլորտին:

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Կոմիտասի հետազոտությունը երաժշտական ֆոլկլորագիտության մեջ կարևոր է ոչ միայն հայկական, այլև այլ ազգերի ֆոլկլորային երաժշտության ուսումնասիրության համար: Կոմիտասը համարվում է հայ ազգային երաժշտության հիմնադիր: Հավաքելով հազարավոր ժողովրդական երգեր և մեղեդիներ, նա դրանք ուսումնասիրել է և դասակարգել ըստ ժանրերի: Հաջորդ քայլը եղել է հայ երաժշտության կառուցվածքին համապատասխան բազմաձայնության որոնումը: Սույն զեկուցումը փորձ է բացատրելու, թե ինչու էր Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը, ինչպես ընդունված է համարել հայ երաժշտագիտության մեջ: Զեկուցման մեջ տեղ են գտել Կոմիտասի առաջադրած հետևյալ խնդիրները.
● Ո՞րն է հայ ավանդական երաժշտության բանավոր էությունը: Ո՞րն է իմպրովիզացիայի դերը բանավոր ավանդույթի ներսում:
● Ի՞նչ դեր ունի նոտագրությունը երաժշտության մեջ: Ի՞նչ կորուստներ են լինում նոտագրության դեպքում: Ինչպե՞ս են փոխհարաբերվում գրավոր և բանավոր ավանդույթները:
● Յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ երաժշտական բարբառների բացահայտումը:
● Ժողովրդական երաժշտական ստեղծագործության մեջ հեղինակի գոյության կամ բացակայության խնդիրը:
● Երգերի կենսունակությունը, նրանց կյանքի տևողությունը: Ո՞ր երգերն են ապրում ավելի երկար, և որո՞նք կարճ կյանք ունեն:
● Երգերին հատուկ երաժշտական ֆրազների բնորոշումը և բանաձևային արտահայտությունների դուրս բերումը: Ի՞նչ չափով կարող է իմպրովիզացիան գոյություն ունենալ բանաձևային մտածողության մեջ:
● Բանահավաքչության մեջ երգի ստացիոնար գրառման մոտեցումը:
● Ռիթմը հայ ժողովրդական երգի մեջ:
Ակնհայտորեն, Կոմիտասը գերազանցել է իր ժամանակը և կանխորոշել է ֆոլկլորագիտության մի շարք հիմնախնդիրներ: Փաստորեն, նա ուղիներ է առաջադրել ֆոլկլորագիտության հետագա զարգացման համար: