ԱԼԻՍԻԱ ԹԵՐԶՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ, դասախոս և «Encuen-tros Group» համույթի գեղարվեստական ղեկավար Ալիսիա Թերզյանը սովորել է Բուենոս Այրեսի Երաժշտության ազգային կոնսերվատորիայում։ Ուսումնասիրությունը շարունակել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում՝ Հ. Ղևոնդ վրդ. Տայյանի հետ։ Դասախոսություններ է ունեցել Յեյլի համալսարանում (ԱՄՆ), Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեծ դահլիճում, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք համալսարաններում։ Նրա մի շարք ստեղծագործություններ պարգևատրվել են Բուենոս Այրեսի քաղաքապետարանի և Արվեստի ազգային հիմնադրամի կողմից, իսկ 1982 թ. արժանացել է Երաժշտության ազգային բարձրագույն մրցանակի։
Ալիսիա Թերզյանը հանդես է եկել տարբեր հանձնաժողովներում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամ, Լոնդոնի, Զագրեբի փառատոններ, Զալցբուրգի «Aspekte» փառատոն, Գրենոբլի սիմֆոնիկ նվագախումբ, Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարան, «Banco Mayo» հիմնադրամ, «Radio France» և այլն։ Եղել է Արգենտինայի Երաժշտության խորհրդի (CA MU) նախագահը, Երաժշտության միջազգային խորհրդի (CIM, 1990-93) փոխնախագահը, Երեք Ամերիկաների երաժշտության խորհրդի գլխավոր քարտուղարը (COMTA)։ Կոչումների թվում են՝ «Գեղարվեստի ակադեմիայի անդամ» (Չիլի), «Երաժշտական ակադեմիայի անդամ» (Վալենսիա, Իսպանիա), Ֆրանսիայի կառավարության Ակադեմիական արմավենու շքանշան, «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մեդալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի «Պիկասո Միրո» մեդալ՝ լատինաամերիկյան կոմպոզիտորների աջակցության և տարածման համար։ 2013 թ. Թերզյանը Արգենտինայի խորհրդարանի խողմից ստացել է «Արգենտինական մշակույթի գերազանց գործիչ» կոչումը։

«ՊՈԼԻՔՐՈՄԱՏԻԶՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Տվյալ թեմային վերաբերող հետազոտություններս սկիզբ են առել 1954 թվականին՝ Բուենոս Այրեսի Երաժշտական բարձրագույն ազգային կոնսերվատորիայում Ալբերտո Խինաստերայի կոմպոզիցիայի դասընթացին մասնակցելիս։ Ես 20 տարեկան էի, բայց արդեն ծանոթ էի հայկական երաժշտությանը և Կոմիտաս Վարդապետի ժողովրդական և հոգևոր մեղեդիներին, քանի որ մայրս ժամանակին երգում էր դրանք։ Ուսսումնառության առաջին տարում հնարավորություն ունեցա ստանալու Վենետիկի Մխիթարյան Միաբանության ամսագրերից մեկը, որտեղ կար պատվելի դոկտոր Լեոնսիո Դայանի հեղինակած մի հոդված, որն առնչվում էր Կոմիտաս Վարդապետի հավաքած հայկական ժողովրդական երաժշտությանը և քառորդ տոների տեսքով շատ պարզ սահմանված միկրոտոներին։ Ես կապ հաստատեցի հայր Դայանի հետ, և տարիների ընթացքում մենք նամակագրական կապ պահպանեցինք՝ լեցուն Կոմիտասի կողմից ստեղծված հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտության խորացված ուսումնասիրության հանդեպ նրա սիրով և վերջինիս աշխատանքի շնորհիվ քառորդ տոների առկայության “բացահայտմամբ”։ Քառորդ տոները հստակ նշվում էին դոկտոր Դայանի ուսումնասիրություններոմ, քանզի Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանում պահվում էին շատ հնագույն և կարևոր նյութեր։ Ինձ համար առաջին կարևորագույն բացահայտումը քառորդ տոներն էին, որոնք ուղղորդեցին ինձ նույն տարում ստեղծելու «Երեք գործ լարայինների համար»՝ հիմնված հայկական ժողովրդական մեղեդիների վրա, որոնցում ես կիրառել եմ քառորդ տոներ։
Այսպիսով՝ հայր Դայանի շնորհիվ ես բացահայտեցի ինձ համար երաժշտության նոր սանդղակ, որտեղ առկա էր մի նոր հնչյուն կիսատոների ներսում և նրանց միջև։ Ես հասկացա, որ այդ նոր քառորդ տոնն էր, որ մեղեդուն տալիս էր յուրահատուկ երանգ և տարածական պրոեկցիա։ Մեր նամակագրության ողջ ընթացքում դոկտոր Դայանն ինձ էր ուղարկում տվյալ բացահայտման վերաբերյալ իր գրչին պատկանող և Վենետիկում տպված բազմաթիվ գրքեր, որտեղ առկա էին ահռելի քանակությամբ քառորդ տոներ ընդգրկող հայկական մեղեդիներ։
Գրեթե զուգահեռ ես իմացա, որ հայկական ժողովրդական գործիքները, կատարողների ընդհանուր ավանդույթի համաձայն, մեղեդիներում հստակորեն ներառում էին քառորդ տոներ։ Որոշեցի քառորդ ձայնաստիճանի մասին գիտելիքներս կիրառել սեփական երաժշտության մեջ և 1969 թվականին ստեղծեցի քառորդ տոներով առաջին գործս՝ «Շանթինիկետան» ֆլեյտայի համար։ Մեկ տարի անց շարունակեցի օգտվել քառորդ տոներից՝ ստեղծելով “Carmen Criaturalis” անվանմամբ մի գործ մենակատար եղջերափողի, վիբրաֆոնի և լարային նվագախմբի համար, որը ինձ հանձնարարել էր ավստրիացի դիրիժոր և կոմպոզիտոր Ֆրիդրիխ Ցերհան՝ Կոլոնի թատրոնում Բուենոս Այրեսի Ֆիլարմոնիկ նվագախմբի հետ ներկայացնելու համար։
Եվ ահա այսպես ես նվիրեցի ինձ կոմպոզիտորական արվեստին՝ օգտվելով միկրոտոներից, որոնց մասին ես պատահմամբ իմացել էի 1954-ին՝ դոկտոր Լեոնսիո Դայանի մի գրքում։ Նրան էլ նվիրում եմ սույն զեկուցումը։