ԱՆԱՀԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դոցենտ: Դասավանդում է «Հայ հոգևոր երաժշտություն» և «Հայկական նոտագրություն» առարկաները: «Նմանակումային կառույցները Կոմիտասի ստեղծագործություններում» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 1990 թ.: Ա. Բաղդասարյանի գիտահետազոտական գործունեությունը կապված է առավելապես հայ ավանդական (մոնոդիկ) երգարվեստի հետ: Հեղինակել է մի շարք հոդվածներ հայ ժողովրդական, աշուղական և եկեղեցական երաժշտության մասին:

ՀԱՅՈՑ ԺԱՄԱԳՐՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ժամագիրքն, ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսամատյաններից է, որի շրջանակներում ըստ ինը ժամերգությունների ներկայացված է Հայ Եկեղեցու ամենօրյա հասարակաց աստվածապաշտության բազմաժանր, բազմաբնույթ ծավալուն ողջ ծիսակարգը:
Ժամագիրքը հայոց մեջ անցել է կազմավորման և զարգացման երկարատև ժամանակաշրջան՝ Դ-ԺԳ դարերը: Ժամագրքի պատմական ընթացքը կապված է Հայ Եկեղեցու ականավոր ներկայացուցիչների գործունեության հետ՝ Ս. Սահակ Ա Պարթև, Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Գյուտ Ա Արահեզացի, Ս. Հովհան Ա Մանդակունի, Ս. Ներսես Շնորհալի:
Ժամագրքում ամփոփված է Հայ Եկեղեցու ծիսաարարողակարգային ժանրերի գրեթե ողջ բազմահարուստ համալիրը. սաղմոս, փոխ, քարոզ, օրհնություն, թագավոր, ծիսական բացականչություն և այլն, որոնք ժամերգությունների ընթացքում ավանդաբար կատարվում են երգեցողության միջոցով: 1877 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոս Գևորգ Դ-ի հրամանով հայկական նոտագրությամբ լույս տեսավ «Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց» հատորը, որը հայ ավանդական եկեղեցական երաժշտության բազմաժանր, ստվարածավալ ժայնագրյալ ժողովածուներից է: Ձայնագրյալ Ժամագիրքը լավագույնս արտացոլում է և́ կերտվածքային բազմաբովանդակ նկարագիրը, և́ դրանով իսկ, ասես, ազգային երգարվեստի՝ այս հնագույն մասնագիտացված ոլորտի յուրօրինակ հանրագիտարանը լինի: