ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Երաժշտագետ-ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի կրտսեր գիտաշխատող, Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, ունի մագիստրոսի աստիճան: «Հայ ժողովրդական երգեր և նվագներ. Իջևան» ժողովածուի (Երևան, 2012) կազմող-խմբագիրն է: Աշխատում է «Հայ ժողովրդական օրորոցայինները» թեմայով ատենախոսության վրա (գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ալինա Փահլևանյան): Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին, մասնավորաբար՝ հայկական ավանդական օրորներին:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՆԹԱՃՅՈՒՂԸ»
Զեկուցումը ներկայացնում է հայ ավանդական երգամտածողության հետաքրքրական ժանրերից մեկում՝ օրորներում գոյություն ունեցող սկզբունքորեն տարբեր երկու խմբերը.
տեղում, հանպատրաստից հորինվող,
ավանդաբար փոխանցվող։
Խմբերից յուրաքանչյուրն ունի իր գեղարվեստական և կառուցվածքային առանձնահատկությունները, ուստի կարևոր է դիտարկել դրանցում առկա տարբերություններն ու ընդհանրությունները: Ժանրում այս երկու տարբեր դրսևորումների մասին առաջին դիտարկումն արել է Կոմիտասը՝ դրանք դասակարգելով տարբեր տեսակների ներսում («տեսակ» եզրը կիրառելով «ժանր» իմաստով). շինականում՝ իբրև կնոջ յուրատեսակ աշխատանք՝ միտված երեխային թմրեցնելուն, քնեցնելուն, և քնարականում՝ իբրև նույն ֆունկցիան կրող, սակայն ժառանգաբար փոխանցված, ավարտուն ձև ունեցող երգ-օրոր:
Զեկուցման մեջ հիմնական շեշտը դրել ենք ավանդական տեսակի օրորների վրա: Քննության ենք ենթարկել օրորի ժանրում ձայնագրյալ նմուշները՝ սկսած XIX դարավերջի առաջին գրառումներից մինչ XX դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածը: Արդյունքում դուրս ենք բերել ժանրի 32 նմուշ, որոնցից 10 ավանդական օրորներն առանձին վերլուծել ենք: