ԱՆԻ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան հրատարակչյություն» ՊՈԱԿ-ի գիտական խմբագիր: 2012թ.-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հայցորդ է (գիտ. ղեկ.՝ Ա. Վ. Իսահակյան): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի (2010), ապա՝ մագիստրոսի (2011) գիտական աստիճաններ: Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ: Մասնակցել է մի շարք գիտաժողովների:

ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԻ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ XVIII ԴԱՐՈՒՄ

Զեկուցումը փորձ է` դիտարկելու «նորոգության» շրջանում (XVII–XVIII դդ.) հայ երաժշտատեսական մտքի դրսևորումները, դրանց ուսումնասիրությամբ առանձնացնելու այն իրողություններն ու հանգույցները, որոնք հայ երաժշտական մշակույթի հետագա զարգացման համար հետզհետե ձեռք են բերել նախափուլի կարևորագույն նշանակություն: «Նորոգության» շրջանի հայ երաժշտատեսական մտքի ընթացքը դիտարկված է երեք հիմնական ճյուղերով՝ առաջինը՝ Խաչատուր Էրզրումեցու և Մխիթար Սեբաստացու, երկրորդը՝ Թամբուրի Հարութինի, երրորդը՝ Գրիգոր Գապասաքալյանի տեսական հայացքների օրինակով:
Դատելով Խաչատուր Էրզրումեցու և Մխիթար Սեբաստացու երաժշտատեսական աշխատություններից՝ կարելի է եզրակացնել, որ հեղինակները տեսական մտքի հետագա զարգացման միտումները կապել են եվրոպական տեսական համակարգը որդեգրելու և նոտագրությամբ նոր ընթացք կազմակերպելու հետ: Միտումներ, որոնք, հետագայում համադրվելով ազգային երաժշտական ավանդույթին, ըստ էության, դարձել են հայ երաժշտության տեսության այն հիմնական հունը, որն էլ XIX դարի կեսից նախապատրաստել է հայկական կոմպոզիտորական արվեստի ձևավորումը:
Թամբուրի Հարութինի երաժշտատեսական հայացքներից կարելի է եզրակացնել, որ հեղինակը հայ երաժշտության զարգացումը կապել է արևելյան ավանդույթների հետ: Այս ճյուղը շարունակել է զարգանալ և հետևորդներ ունենալ ընդհուպ մինչև XX դարը. նշանավորը Հակոբոս Այվազյանն է: Թեև, մինչև Հակոբոս Այվազյանը, այս ուղղության մասնակի՝ դետալային արտացոլումներ կարելի է նկատել այլ հեղինակների մոտ ևս:
Երրորդ ճյուղն արտացոլված է Գրիգոր Գապասաքալյանի երաժշտատեսական աշխատության մեջ: Այն հայ երաժշտության միջնադարյան ավանդույթի վերանորոգության փորձ է՝ հունական նևմերի, նաև իր իսկ ստեղծած տարբեր խազանիշերի ներգրավմամբ: Թեև տեսաբանի փորձերն, ըստ էության, ձախողվել են այս բնագավառում, այդուհանդերձ, այս սկզբունքի հաջորդ՝ հաջողված դրսևորումը կարելի է համարել Համբարձում Լիմոնճյանի «Նոր հայկական ձայնագրություն» համակարգը, որում դարձյալ հայ երաժշտության ձևավորված ավանդույթը համադրված է եվրոպական, մասամբ՝ արևելյան համակարգերի հետ (ձայնանիշերի նախնական անուններ):
Վերոնշյալ երեք ճյուղերը հայ երաժշտական մշակույթի զարգացման համար ի հայտ են բերել մի շարք կարևոր իրողություններ նախապատրաստող խորքային միտումներ: Առաջինն ու երրորդը, այսինքն՝ եվրոպական և հայկական ավանդույթներով նորոգության միտումները, հետագայում մեկտեղվեցին պոլսահայ տեսաբանների դպրոցում, իսկ երկրորդը շարունակեց զարգանալ մինչև XIX–XX դարերը: