ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր: Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB), Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ է: Հեղինակ է հայ միջնադարյան երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցերին, կոմիտասագիտությանը և հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված մի շարք հոդվածների և 6 մենագրության` «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան», «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնությունները», «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում», «Գրիգոր Գապասաքալյանի երաժշտագիտական ժառանգությունը», «Անիի երաժշտական մշակույթը», «Գրիգոր Մագիստրոսը շարականագիր և գեղագետ»:

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԱՆԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (980-1058) Բագրատունյաց շրջանի մտավոր վերնախավի փայլուն ներկայացուցիչներից էր: Նրա Թղթերը հայ միջնադարյան մատենագրության հանրագիտարանային գիտելիքներ պարունակող եզակի մի գրական հուշարձան են, որտեղ կարելի է ուշագրավ տեղեկություններ գտնել գիտության և արվեստի ամենատարբեր բնագավառների` այդ թվում նաև Անի մայրաքաղաքի երաժշտական կյանքի վերաբերյալ, ինչը վկայում է Մագիստրոսի բացառիկ գիտապաշարի և բազմակողմանի հետաքրքրությունների և օժտվածության մասին:
Թիվ 75 նամակում (Թղթերի առաջին հրատարակող Կ. Կոստանյանցի համարակալման համաձայն, Ալեքսանդրապոլ, 1910), որն ուղղված է իշխան Թոռնիկ Մամիկոնյանին, նկարագրելով Անիի հիշարժան ժողովրդական հանդիսություններից մեկը, Գրիգոր Մագիստրոսը հիշատակում է ատտիկյան, այսինքն, հույն ներքինիների երգեցողությունը: Տվյալ հատվածի սխալ թարգմանված լինելու պատճառով, այդ ուշագրավ փաստը դուրս է մնացել ուսումնասիրողների տեսադաշտից:
Զեկուցման մեջ առաջարկվում է հատվածի համարժեք թարգմանությունը և մեկնաբանումը, ինչը ապացուցում է Բյուզանդիայից հրավիրված ներքինի երգիչների առկայությունը Անիում: Նրանց այսպես կոչված «հրեշտակաձայն» երգեցողությունը արտացոլում էր այն ժամանակվա գեղագիտական տեսլականը, եկեղեցու և հասարակության գեղարվեստաերաժշտական ճաշակը: