ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր: Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB), Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ է: Հեղինակ է հայ միջնադարյան երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցերին, կոմիտասագիտությանը և հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված մի շարք հոդվածների և 6 մենագրության` «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան» (1991), «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնությունները» (2003), «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում» (2013), «Գրիգոր Գապասաքալյանի երաժշտագիտական ժառանգությունը» (2013), «Անիի երաժշտական մշակույթը» (2014), «Գրիգոր Մագիստրոսը շարականագիր և գեղագետ» (2015):

«ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ` ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ»

Կոմիտասի բազմակողմանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում հայ հոգևոր երգարվեստի պատմատեսական ուսումնասիրությանը նվիրված հոդվածները, որոնք առ այսօր չեն կորցրել իրենց գիտական հրատապությունը: Դրանցում նա անդրադարձել է հայ հոգևոր երաժշտության ձևավորմանը և պատմական զարգացմանը, Ութձայն համակարգին և Մանրուսման եղանակներին, հայ երաժշտության քառալարային կառուցվածքի նկարագրությանը, միջնադարյան ձեռագրական մի շարք ուշագրավ աղբյուրներին և այլն: Կոմիտաս Վարդապետն իր հետազոտական աշխատանքում մեծ տեղ է հատկացրել հայ միջնադարյան խազագրության վերծանության խնդիրներին: Կոմիտասի շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվել հայ միջնադարյան երաժշտագեղագիտական մտքի հնագույն և միջնադարյան վկայություններից մի քանիսը: Հրատարակելով և վերլուծելով դրանք՝ Կոմիտաս Վարդապետը եվրոպական գիտական հանրության սեփականություն դարձրեց հայ ժողովրդի երաժշտական ժառանգության հինավուրց շերտերը: Այդ հոդվածներում արծարծված հոգևոր երգարվեստին վերաբերող գիտական դրույթներներն ու դիտարկումները հիմք դրեցին հայ երաժշտական միջնադարագիտությանը՝ ելակետ դառնալով հետագա սերունդների երաժշտագետ-միջնադարագետների ուսումնասիրությունների համար: