ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Հայաստանի կոմպոզիտորների միության, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB), Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության և Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ է: Հեղինակ է հայ միջնադարյան երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցերին, կոմիտասագիտությանը և հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված մի շարք հոդվածների և 7 մենագրության` «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան» (Երևան, 1991), «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնությունները» (Երևան, 2003), «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում» (Երևան, 2013), «Գրիգոր Գապասաքալյանի երաժշտագիտական ժառանգությունը» (Երևան, 2013), «Անիի երաժշտական մշակույթը» (Երևան, 2014), «Գրիգոր Մագիստրոսը շարականագիր և գեղագետ» (Երևան, 2015), «Григор Магистрос – гимнограф и эстетик» (Ереван, 2018):

ՄԱՆՐՈՒՍՄԱՆ ԳՐՔԵՐԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ
ԿՈՄԻՏԱՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

X-XIV դդ. հայ հոգևոր երգարվեստի զարդոլորուն երգաոճի բարձրագույն ծաղկման շրջանն են, որն արտահայտում էր իր ժամանակվա առաջատար գեղագիտական իդեալները և երաժշտական ճաշակը: Զարդոլորուն երգաոճի գերակայության պայմաններում, որը համադրելի է կալոֆոնիկ ոճի հետ Բյուզանդիայում, XI դարի վերջից երևան է գալիս երգչական ժողովածուի բոլորովին նոր տեսակ` Մանրուսման գիրքը: Հենց այդ ժողովածուն է արտացոլում այդ ժամանակվա հոգևոր երգարվեստում ձևավորված նոր միտումներն ու իրողությունները: Մի շարք միջնադարյան հեղինակներ կիրառում են նաև «մանրուսման արվեստ» արտահայտությունը:
Կոմիտասի «Հայոց եկեղեցական եղանակները» (1894) առաջին երաժշտագիտական հոդվածի ամենածավալուն բաժինը նվիրված է մանրուսման արվեստին և Մանրուսման գրքերին, որտեղ նա բնորոշել է մանրուսումը՝ որպես կատարողական և տեսական գիտելիքների որոշակի հանրագումար, անդրադարձել է մանրուսման եղանակներին, դրանց դասակարգմանը, տարբեր նրբություններին և այլն: Կոմիտասի արժեքավոր դիտարկումները ուղեցույց են հանդիսացել հետագա ուսումնասիրողների համար: Սակայն մանրուսման արվեստի էզոթերիկ բնույթը և խազերի վերծանության խնդիրը պայմանավորել են այն հանգամանքը, որ առ այսօր Մանրուսման գրքերը կամ Խազգրքերը հայ միջնադարյան երգչական ժողովածուներից ամենաքիչ հետազոտվածն են:
Չնայած մի շարք դժվարություններին, Կոմիտասից հետո տվյալ ժողովածուի ուսումնասիրման տարբեր ասպեկտներին դիմել են Ն. Թահմիզյանը, տողերիս հեղինակը, Ա. Թամրազյանը և ուրիշներ: Այդ ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Մանրուսման գիրքը միջնադարյան երաժշտական տեսության այսպես կոչված գործնական տեսության տիպական նմուշ է: Բոլոր տվյալները վկայում են, որ Մանրուսման գրքերը ընդհանրացնում են զարդոլորուն երգաոճի և դրան վերաբերող ուսմունքի ավանդույթները, որոնք հարատևել են ընդհուպ մինչև XVII դ. ներառյալ: