ԱՍՏՂԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ «Մատենադարան»-ի ավագ գիտաշխատող, Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրության ընկերության անդամ:: Հրատարակել է «Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները ուսումնասիրությունը («Արմաշի դպրեվանքը» գրքում, Երևան, 1988, մաս Բ): Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներին: 2005 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Համբարձում Չերչյանը և Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Իր գիտական հոդվածներում անդրադառնում է հայ հոգևոր երգարվեստի պատմությանն ու տեսությանն առնչվող տարբեր հիմնախնդիրներին:

ՀՈԳԵՎՈՐ ՏԱՂԵՐԳՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ
ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Կոմիտաս Վարդապետի ժառանգության կարևորագույն մասն են կազմում հոգևոր երգարվեստի նմուշների իր կատարած ձայնագրությունները, որ, ըստ էության, կազմում են յուրատեսակ անթոլոգիա՝ սկզբնավորման շրջանից մինչև ուշ միջնադար։
Մեծ արժեք են ներկայացնում տաղային նմուշների գրառումները, որոնց թվում են ինչպես հայտնի հեղինակների՝ Ս. Գրիգոր Նարեկացու, Ս. Ներսես Շնորհալու, Գրիգորիս Գ Պահլավունու, Մխիթար Այրիվանեցու, Հովհաննես Երզնկացի Պլուզի, Առաքել Սյունեցու և այլոց, այնպես էլ անհայտ ստեղծագործողների երկեր։ Այս ձայնագրությունների մեծ մասն ուսումասիրված է, սակայն կան նաև տաղեր, որոնք դեռևս չեն արժանացել ուշադրության։ Մեր աշխատանքում քննվում են դրանց հեղինակային պատկանելությանը կամ ժամանակաշրջանին, երաժշտական բաղադրիչի առանձնահատկություններին, համանուն այլ գրառումների հետ ունեցած աղերսներին առնչվող հարցեր։