«Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս»
2021թ. հունվարի 29-ից 2021թ. հունիսի 1-ը
Ցուցադրության համադրող՝ Մարինե Հարոյան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունվարի 29-ից մեկնարկում է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ցուցադրությունը: Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիաների թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհն սկսել և ավարտել է Կոմիտասով:
Ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին, դրանք ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք-կողքի «ապրել» քանդակագործի արվեստանոցում:
Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլև էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները, որոնք տեսանելի են դարձնում կերպարի ստեղծման դժվարին, երբեմն անգամ տառապալից ընթացքը՝ ուրվանկարից և գիպսե էսքիզից մինչև բրոնզե ձուլվածք՝ հնարավորություն տալով այցելուին թափանցել արվեստագետի «սրբության սրբոցը»՝ աշխատանքային լաբորատորիան:
Ցուցադրության նպատակն է առաջին անգամ մեկ հարթակում ներկայացնել Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»: Կոմիտասին նվիրված առաջին մոնումենտալ քանդակը, որն Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր, տեղադրվել է Պանթեոնում 1954 թ., Կոմիտասի շիրիմին: Արվեստագետի՝ Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը տեղադրվել է 1988 թ. Երևանում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում։