ԱՐՄԵՆՈՒՀՒ ԴՐՈՍՏ-ԱԲԳԱՐՅԱՆ

Դոկտոր, պրոֆեսոր, հայագետ, բյուզանդագետ, արևելագետ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը (1977) և Մոսկվայի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկավար՝ Սերգեյ Ավերինցև): 1985 թ. սկած դասախոսական և գիտական գործունեություն է ծավալում Հալլեի Մարտին Լյութերի համալսարանում: 2003 թ. նույն համալսարանի Քրիստոնյա Արևելքի լեզուների և գրականության ամբիոնում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ նվիրված Աստվածահայտնության շարականներին: Պաշտպանությունից հետո ստացել է նույն ամբիոնի փիլիսոփայության դոկտորի (արևելագիտության գծով) և հայագիտության պրոֆեսորի կոչում: Հալլեի համալսարանին առընթեր «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի համահիմնադիրն է (1998) և ղեկավարը (2010-ից սկսած): Նույն համալսարանի ‟Hallesche Beiträge zur Orientwissenschaft” արևելագիտական հանդեսի խմբագրակազմի անդամ է: 2012-2016 թթ. ղեկավարել է Մարտին Լյութերի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոյա Արևելքի ամբիոնը: Ա. Դրոստ-Աբգարյանը հեղինակել է մի շարք գիտական հրապարակումներ և համեմատական ուսումնասիրություններ՝ նվիրված հայ գրականության պատմությանը արևելաքրիստոնեական լեզուների և հայ-բյուզանդական գրական առնչությունների համատեքստում: Հերման Գոլտցի հետ համատեղ իրագործել է Շարակնոց ծիսական մատյանի գրաբարյան տեքստերի գերմաներեն թարգմանությունը ծավալուն ծանոթագրություններով և գրաբար-հունարեն-գերմաներեն համաբարբառով հանդերձ (1990-2010), որը լույս է տեսնելու Patrologia Orientalis մատենաշարում (Հռոմ): Որպես Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) նախագահության անդամ՝ հանդես է եկել դասախոսություններով և զեկուցումներով եվրոպական տարբեր համալսարաններում (Օքսֆորդ, Վիեննա, Փարիզ, Գենթ, Ժնև, Հռոմ և այլն): Գիտական գործունեության ընթացքում հետազոտել է Երուսաղեմի, Զմմառի, Անթիլիասի, Վիեննայի և Վենետիկի հայկական հին ձեռագրերի հավաքածուները:

ԿՈՄԻՏԱՍԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ
ԿԵՐՊԱՐ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ժամանակակից հայ ազգային երաժշտության հիմնադիր Կոմիտասը հայ-գերմանական հարաբերությունները խորհրդանշող խոշորագույն դեմքերից մեկն է: Որպես իր դոկտորական թեզը Հալլեում պաշտպանած բեռլինցի երաժշտագետ պրոֆեսոր Օսկար Ֆլայշերի աշակերտ և Միջազգային երաժշտագիտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, Կոմիտասը գերմանական մասնագիտական աշխարհին ծանոթացրեց հայ ազգային աշխարհիկ և հոգևոր երաժշտության առանձնահատկությունների հետ: Միևնույն ժամանակ նա հաղորդակցվում է գերմանական երաժշտական մշակույթին՝ յուրացնելով ժամանակակի եվրոպական երաժշտագիտության և հետազոտական մեթոդների նվաճումերը:
Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) իր ուսումնառության տարիներին (1896-1899) ուսումնասիրելով երաժշտության տեսություն և կոմպոզիտորական արվեստ՝ Կոմիտասը զբաղվում էր մասնավորապես խազագիտությամբ՝ եվրոպական նևմային նոտագրության հետ համեմատական հետազոտության համատեքստում: Հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված նրա հոդվածը լույս է տեսնում Միջազգային երաժշտագիտական ընկերության նորաբաց հանդեսի առաջին համարում: Առաջին համաշխարհային պատերազմի նախoրյակին միջազգային երաժշտագիտական համագործակցության եվրոպական կենտրոն դարձած այդ կազմակերպության հանձնարարությամբ երիտասարդ գիտնականը հայ երաժշտությանը նվիրված դասախոսություններով և համերգներով հանդես է գալիս Եվրոպայի տարբեր կրթօջախներում:
Իր կոմպոզիտորական արվեստով նա ստեղծում է մի ուրույն ոճ՝ միավորելով հայ երաժշտության ավանդույթները ժամանակի արմտաեվրոպական երաժշտարվեստի տարբեր արտահայտչաձևերի հետ: Որպես Վագների հետևորդ նա վերադառնում է Էջմիածին՝ այնտեղ Միջազգային երաժշտագիտական ընկերության հայկական մասնաճյուղ հիմնելու նպատակով: Դառնալով Գևորգյան Ճեմարանի երաժշտության դասախոս՝ նա գերմանական օրինակով բարեփոխումներ է մտցնում Ճեմարանի ուսումնական ծրագրում: Հետագա 15 տարիների ընթացքում՝ մինչ Մեծ եղեռնի զոհ դառնալը, Կոմիտասն անընդմեջ կապ է պահպանում գերմանական երաժշտագիտական աշխարհի հետ:
2012 թ. Կոմիտասի հուշատախտակն իր արժանավոր տեղը գտավ Բեռլինի կենտրոնում, Հումբոլդտի համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի շենքի պատին, գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի հուշատախտակի կողքին: Զեկուցման մեջ լուսաբանվում է Կոմիտասի դերը հայ-գերմանական գիտամշակութային հարաբերությունների ոլորտում ինչպես իր հրապարակումների ու նամակների, այնպես էլ իր ժամանակակիցների, գործընկերների և աշակերտների հուշերում: