ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության (1998-2003) և երգեհոնային (2000-2005) բաժիններում: 2005-ից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ Արվեստի և գրչության կենտրոնների և աղբյուրագիտության բաժիններում՝ որպես ավագ գիտաշխատող: 2016 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երաժշտության ընկալումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթում» թեմայով: Հեղինակ է երկու մենագրությունների՝ «Մարդու կազմության տեսության վերաիմաստավորումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթի մեջ» (Երևան, 2013), «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի» երկը» (Երևան, 2019) և շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների: Գիտական ուսումնասիրությունների շրջանակը ներառում է հայ միջնադարյան երաժշտության տեսությունը, խազագրությունը, մանրուսման ձեռագրերն ու գանձարանները, հայ միջնադարյան մեկնողական ավանդույթը, բնագրերի կազմությունն ու հրատարակությունը: Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների:

ԿՈՄԻՏԱՍԻ ՁԵՌԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԽԱԶԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԵՎՍ ՄԵԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ)

Կոմիտաս Վարդապետն ուսումնասիրել և նկարագրել է Էջմիածնի 22 մանրուսման ձեռագրերը, լրացրել Ղևոնդ Ալիշանի (1820-1901) կազմած երաժշտական չափանմուշ եղանակների ցանկը, դասակարգել սրանք, որից օգտվել են հետագա բոլոր ուսումնասիրողները: Սակայն նրա, ինչպես հետագա ուսումնասիրողների խազաբանական պրպտումները հիմնված են եղել Շարակնոցների վրա՝ որպես խազաբանության և Ութձայն համակարգի սերտաճածության առավել մատչելի և նախնական փուլ:
Զեկուցման մեջ փորձ է արվում ամփոփ ներկայացնել Կոմիտասի նախապատրաստական աշխատանքները խազաբանական ուսումնասիրություններին անցնելուց առաջ՝ նրա յուրօրինակ, զուտ միջնադարյան ոճով արված խազանվանումների «ստուգաբանությունները», կազմած երաժշտական բառարանը և սրա միջնադարյան աղբյուրները, խազաբանության ուղենշած ոլորտները (հիմնականում համարժեք միջնադարյան քերականական աշխատությունների սահմանած ոլորտներին), խազաբանական ուսումնասիրությունների հավաքած աղբյուրներն ու սրանց համադրումը, երաժշտական խազերի վեծանման փորձերը: Դիտարկվում են այս աշխատանքների արդյունքները ներկայիս խազաբանական ուսումնասիրությունների համատեքստում՝ իրենց հիմնական ուղղություններով, խազերի վերծանության պարագայում Շարակնոցների տարբերությունը մանրուսման և գանձարանների եղանակների խազային բարդ հյուսվածքից: Համադրվում են ձայնային համակարգում որոշ խազերի մեկնության տարբեր փորձերը: