ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ

Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների թեկնածու, Թյուբինգենի համալսարանի փիլիոսոփայության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն և առաջատար գիտաշխատող: Ավարտել է Երևանի Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը (1997), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (1999): 1999-2000 թթ. սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006 թթ.՝ Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում (2007-ից) և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (2014-ից): Խմբագրական գործունեություն է ծավալել տարբեր հանդեսներում՝ «Էջմիածին» (գլխավոր խմբագիր` 2015-2017), «Լրաբեր հասարակական գիտությունների» (խմբագրի տեղակալ՝ 2017-2019), “Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies” (փոխխմբագիր՝ 2006-ից մինչև օրս): Գիտական հետազոտությունների շրջանակում են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտությունը, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտությունը, մշակութային կապերը, փոխանակությունը և կշռային համակարգերը, հնագույն կրոնն ու պաշտամունքը:

ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՇԵՐՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԴՐԱ ԹՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Կոմիտասի անդրադարձները էպիկական բնույթի ստեղծագործություն-ներին, աշխատանքային երգերին, տաղերին և անտունիներին վերստեղծում են խորհրդանիշների մի համակարգ, որն իր էությամբ արխաիկ է: Այս իմաստով Կոմիտասի գործերը «միաձայնության հնագույն և մեծ արվեստի հուշարձաններ են» (Ա. Շահվերդյան), քանի որ Վարդապետը «հիմնվում էր ինչ-որ խոր արմատների վրա», որոնք ետ են գնում «մինչեւ հեթանոսական շրջան» (Հ. Ասատուրեան):
Եզոն, գութանը, կռունկը և այլ համանման խորհրդանիշներ արտահայտում են պատմական մի միջավայր, որի ակունքները տեսանելի են դեռևս վաղ երկրագործական հասարակություններում: Նույն սիմվոլիզմը առկա է հայկական պատմական լանդշաֆտի, նրա առանցքային կետերի (օրինակ՝ Արարատի կամ Արագածի) ընկալումներում:
Ուշագրավ է, որ Կոմիտասի վերականգնած հայկական խորհրդանիշները (օրինակ՝ կռունկը) հետագայում դառնում են խորհրդանիշ իր՝ Կոմիտասի համար:
Կարելի՞ է արդյոք թվագրել այդ երգերը: Որոշ մասնագետներ, շեշտելով, օրինակ, հորովելները նշում են, որ վերջիններս առաջացել են «պատմության հնագույն շրջանում՝ երկրագործական աշխատանքի հետ միասին» և որոնց մեջ պահպանվել են կենդանիների հնագույն պաշտամունքի հետքերը (Ա. Շահվերդյան): Մյուսները գտնում են, որ այդ երգերը հնարավոր չէ կոնկրետ թվագրել (Հ. Ասատուրյան):
Ներկա զեկուցման մեջ փորձ է արվելու առանձնացնել արխաիկ խորհրդանշանների կոմիտասյան համակարգը և դրանց սկզբնավորումը տեղավորել որևէ պատմական շրջանի մեջ՝ ձգտելով ոչ թե կոնկրետ թվագրել դրանք (ինչն ըստ էության անհնար է), այլ ցույց տալ այդ երգային տեքստերի առաջացման terminus ante/post quem – ները և հնարավոր կերպափոխումները ժամանակի ընթացքում՝ օգտագործելով գլխավորապես պատմահնագիտական գործիքակազմ: