ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման ընկերության անդամ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2012 թ.: Հեղինակ է մենագրության` «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում» (2016), մի շարք գիտական հոդվածների և ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ հոգևոր երաժշտության պատմության և տեսության հարցեր, համեմատական միջնադարագիտություն:

«ՎԵՐՋԱՎՈՐՈՂ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՎԵՐՋԱՎՈՐՈՂ ՁԱՅՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՈՒԹՁԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՍԱԿԱՆ ԲՆՈԻԹԱԳՐԵՐՈՒՄ»

Զեկուցումը նվիրված է հայ եկեղեցական երաժշտության հիմքը կազմող Ութձայն համակարգի հիմնական գործառութային աստիճաններից երկուսի՝ վերջին և վերջին վերջավորող ձայների տեսական բնութագրերին XIX-XX դարերի և արդի շրջանի հայ երաժշտական միջնադարագիտության ոլորտում: Քննության են ենթարկվում վերոհիշյալ գործառույթների տեսական նկարագրերի տարբերությունները Ե. Տնտեսյանի, Ն. Թաշճյանի, Կոմիտասի, Ռ. Աթայանի, Ն. Թահմիզյանի, Ա. Արևշատյանի աշխատություններում: Դիտարկվող խնդրի վերաբերյալ Կոմիտասի տեսակետը որպես հիմնական ելակետ ընդունելով՝ առաջարկվում է մեթոդաբանական որոշակի մոտեցում, որը կարող է նպաստել վերջավորող և վերջին վերջավորող ձայների տեսական սահմանումների հստակեցմանը: