ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրության ընկերության անդամ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 2012 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Հեղինակ է մենագրության («Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկայահոց երգվածքում», 2016), մի շարք գիտական հոդվածների, ինչպես նաև հայ ավանդական երաժշտությանն առնչվող ռադիոհաղորդումների: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Գիտական հետաքրքրությունների առանցքում են հայ հոգևոր երգարվեստի պատմության և տեսության հարցերը, համեմատական միջնադարագիտությունը:

ՁԱՅՆԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ
ՄԵԹՈԴԻ ՄԵԿ ԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
(ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ
ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ԵՎ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԵՐԳՎԱԾՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Հայ հոգևոր երաժշտության Ութձայն համակարգի ուսումնասիրության՝ Կոմիտասի մեթոդաբանության կարևոր բաղադրիչներից է տվյալ ձայնեղանակում հանդիպող ինտերվալային թռիչքների դիտարկումը, ինչը մեծապես նպաստում է ձայնեղանակի՝ առավել որոշարկված և լիարժեք բնութագրմանը: Թռիչքների վերլուծության կոմիտասյան մոտեցումն արտացոլում է դրանց երկու հիմնական՝ ինտոնացիոն և ձևակառուցողական գործառույթները: Սույն զեկուցումը նվիրված է ձևակառուցողական գործառույթով օժտված ձայնեղանակային թռիչքների համեմատական քննությանը՝ հայ հոգևոր երգարվեստի Էջմիածնական (գլխավոր) և Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքներում: Հետազոտության համար հիմք են ծառայել էջմիածնական երգվածքը ներկայացնող՝ Ն. Թաշճյանի գրառած Շարակնոց ժողովածուն (Վաղարշապատ, 1875) և շարականային ամբողջ զանգվածը, որն ամփոփված է նորջուղայական հոգևոր երգերի՝ Էմի Աբգարի գրառած և հրատարակած ժողովածուներում (1896, 1902, Կալկաթա, 1908, 1920, Լայպցիգ): Հետազոտությունը միտված է ընդգծելու ինտերվալային թռիչքների դիտարկման հույժ կարևորությունը՝ տարբեր երգվածքների ձայնեղանակային համեմատության ճշգրտությունն ապահովելու հարցում: