«ԳԵՂԱՐԴ» երգեցիկ Խումբ
գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան
խմբավար՝ Անահիտ Պապայան
Գեղարդ երգեցիկ խումբը կազմավորվել է 2001 թվականին մեներգչուհի Անահիտ Պապայանի ջանքերով: Գեղարվեստական ղեկավարն է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Մհեր Նավոյանը:
Բացի կիրակի և եկեղեցական տոն օրերին Գեղարդավանքում Ս. Պատարագի երգեցողությունից` խումբը ծավալել է լայն համերգային գործունեություն Հայաստանում և արտերկրում՝ հիմնական նպատակ ունենալով ներկայացնել հայ խմբերգային արվեստը: Հաճախ համերգներն ուղեկցվում են Մհեր Նավոյանի դասախոսություններով հայ երաժշտության վերաբերյալ:
Խումբը համագործակցում է ՀՀ Մշակույթի նախարարության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի» հետ:
Գեղարդ երգեցիկ խմբի ծրագիրն ընդգրկում է.
V-XV դդ. հայ միջնադարյան մոնոդիաներ` մենակատարային և խմբային կատարումներով,
hայ հոգևոր և ժողովրդական երգերի խմբերգային մշակումներ՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների կողմից,
hայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ,
oտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Անսամբլը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Բելգիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Շվեդիայում:
Վերջին շրջանի կարևոր ձեռքբերումներն են մասնակցությունը աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին և համերգը Էլբֆիլհարմոնիում (Համբուրգ):
Նշանակալի փառատոնների շարքում են Մոսկվայի Զատկական փառատոնը Ռուսաստանում, միջազգային “Kirkko Soikoon” փառատոնը Ֆինլանդիայում, հոգևոր երաժշտության “Voix et Route Romane” միջազգային փառատոնը Ստրասբուրգում (Ֆրանսիա), Միջազգային Բախակադեմիայի “Musicfest” փառատոնը Շտուտգարտում (Գերմանիա), hոգևոր երաժշտության “Sacrées Journées de Strasbourg” միջազգային փառատոնը Ստրասբուրգում (Ֆրանսիա), “Des Voûtes célestes” միջազգային փառատոնը (Վոնդեյ, Ֆրանսիա), հոգևոր երաժշտության “Musica Sacra International” միջազգային փառատոնը Մարկտոբերդորֆում (Գերմանիա), “Al Bustan” միջազգային փառատոնը Բեյրութում (Լիբանան), «Հոգևոր երաժշտության միջազգային ակադեմիա» փառատոնը Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) և այլն:
2010 թ. խումբը մասնակցել է երկու միջազգային մրցույթի՝ Բելառուսի «Կոլոժսկի բլագովեստ» մրցույթում արժանանալով «Գրան Պրի» մրցանակի և առաջին մրցանակի՝ Լեհաստանում «Հայնովկայի եկեղեցական երաժշտության օրեր» մրցույթում:
Գեղարդ երգեցիկ խումբը թողարկել է 3 լազերային սկավառակ. «Հայկական երաժշտություն» (2002), «Հայկական խորան» (2005), «Խորհուրդ խորին» (2013):