«Դարից երկար»

2022 թ․ հոկտեմբերի 11 – 2023 թ․ մայիսի 30
Ցուցադրության համադրող՝ Մարինե Հարոյան

…Իմ կեանքիս ամենէն հզօր, ամենէն անմոռանալի տպաւորութիւններէն մին կը մնայ միշտ ա´յն զոր ունեցայ Կոմիտաս Վարդապետը առաջին անգամ տեսած ու լսած օրս:
Արշակ Չօպանեան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի «Դարից երկար» խորագրով համատեղ ցուցադրությունը նվիրված է գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ, Պատվո լեգեոնի շքանշանակիր և Կոմիտասի մեծ բարեկամ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:
Շուրջ 60 տարի ապրելով Փարիզում՝ Ա․Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը և մշակույթը Եվրոպայում ներկայացնելու և հայ ժողովրդի դատը պաշտպանելու ուղղությամբ: Նա ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների գործեր, անձնական կապեր ու նամակագրություն է ունեցել եվրոպացի գրողների և հասարակական գործիչների հետ։ Ա․ Չոպանյանի գրական-հասարակական գործունեությունը բարձր են գնահատել ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի գրողները՝ Ա. Ֆրանս, է. Վերհառն, Ռ. Ռոլան, Ֆ. Վերֆել, Պ. Էլյուար:
Նա իրավամբ կրում էր Եվրոպայում Հայ մշակույթի դեսպանի պատվավոր կոչումը:
Ցուցահանդեսը հայ երկու մեծերի՝ «դարից երկար ձգվող բարեկամության» և այն նշանակալի դերի մասին է, որ ունեցել է Ա․ Չոպանյանը Կոմիտասի ճակատագրում, մասնավորապես՝ Կոմիտասի ժառանգության պահպանման, հրատարակման և Հայաստան տեղափոխման գործում:
Ցուցադրությունն ունի 6 թեմատիկ բաժանում, որոնցում գրաֆիկական պատումների և արտեֆակտների համադրությամբ ներկայացրել ենք Կոմիտասի և Ա․ Չոպանյանի անձնական ու ստեղծագործական շփումների մասին պատմող տարբեր դրվագներ, որոշ իրադարձություններ:
Պատումից արտեֆակտ և արտեֆակտից պատում այս անցումն այցելուին հնարավորություն է տալիս ծանոթանալ երկու մեծերի կյանքի տարբեր դրվագներին՝ ինչպես գրաֆիկական հորինվածքների, այնպես էլ արխիվային վավերագրերի, լուսանկարների, ձեռագրերի և տեսաձայնային հարուստ նյութերի միջոցով: