ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան
Կազմավորվել է 1996 թ. (մինչև 2009 թ. պետական կարգավիճակ ստանալն անվանվել է Երևանի Կամերային երգչախումբ): Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն է: Ելույթներ է ունեցել հայաստանյան և արտասահմանյան բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոններին, որոնց շարքում են Ռավեննայի «Երգի միջազգային փառատոնը» (1997), Բերգենի միջազգային երաժշտական փառատոնը (1999), Հալլեի “Hallische Musiktage” (2005), Էտամպի ‟Festival d’Ile de France” (2006), Մոսկովյան Զատկական (2015) փառատոնները և այլն: 2003 թ. «Սանկտպետերբուրգյան դղյակներ» փառատոնին կոլեկտիվն արժանացել է քաղաքի նոր հիմնը կատարելու պատվին, իսկ Լորետոյի “Virgo Lauretana” փառատոնի 50-ամյա հոբելյանին ԵՊԿԵ ներկայացրել է Կոմիտասի ժառանգությունը ուղիղ հեռարձակմամբ աշխահի ավելի քան 50 երկրներում։ 2016 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին» երգչախումբը հանդես է եկել հայ կոմպոզիտորների մի շարք գործերի առաջին կատարումներով:
Հայաստանյան համերգներից բացի երգչախումբը հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրներում: 1998 թ. Գերմանիայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում երգչախումբը մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի «Պատարագի»՝ քառաձայն խառը կազմի համար նախատեսված տարբերակը, ինչպես նաև Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությունները (վերջիններս կատարվել են նաև Սիրիայում և Լիբանանում): Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության հրավերով հայկական երաժշտությունը երգչախմբի կատարմամբ հնչել է Հալեպում, Լաթակիայում և Դամասկոսում (2007)։ 2008 թ. կոլեկտիվը մասնակցել է Երևան-Մոսկվա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստամարաթոնին։
2009 թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ ներկայացնելով կոմպոզիտորի խմբերգային երկերի զգալի մասը։
Երգչախումբը համատեղ համերգներ է ունեցել հայտնի երաժիշտների և կատարողական կոլեկտիվների հետ, որոնց թվում են՝ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը և սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, Միլանի Լա Սկալա օպերայի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, Գերմանիայի “Frankfurter Kantorei” երգչախումբը՝ Վինֆրիդ Թոլլի ղեկավարությամբ:
2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին առընթեր «Լույս ի լուսո» նախագծի շրջանակում ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի հետ երգչախումբը ձայնագրել է համատեղ ալբոմ, որը ներառում է հայ հոգևոր երգերի՝ Տ. Համասյանի մշակումները դաշնամուրի և երգչախմբի համար (2014, ECM Records)։ Նույն ծրագրով երգչախումբը Տ. Համասյանի հետ համերգային շրջագայություններ է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, Թուրքիայում և Վրաստանում:
Այս կոլեկտիվի կատարմամբ են Հայաստանում առաջին անգամ հնչել Կոմիտասի «Բեռլինյան Պատարագը» (2012), Կարա Մուրզայի բազմաձայն «Պատարագը» (2013) և Վիեննայի Մխիթարյան վանքի Պատարագը՝ Ա. Այտնյանի և Յ. Բյոմի մշակմամբ (2014)։
2017 թ. Երևանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ռուսական երեք հայտնի երգչախմբերի հետ համատեղ երգչախումբը մասնակցել է ռուս-հայկական առաջին երգչախմբային կոնգրեսի բացման արարողությանը: Նույն տարվա ընթացքում կոլեկտիվն աշխատել է Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների ալբոմի ձայնագրման վրա։ “Willy Weiner and Friends” ծրագրի պրեմիերան կայացել է 2018 թ. փետրվարին։
Երգչախումբը թողարկել է 15 ձայնասկավառակ, որոնցից “Music of Komitas Vardapet” ալբոմը 2000 թ. Գլենդելում (ԱՄՆ) Երաժշտական ձեռքբերումների 3-րդ մրցույթում արժանացել է մրցանակի՝ «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում։