Առաքելություն
Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն` նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Պատմական նշանակություն ունեցող մշակութային օջախն այլևս երազանք չէ, այլ՝ իրողություն: Թանգարան-ինստիտուտը նպատակ ունի համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին: Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանում գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թվականներին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: